Ամերիկյան Apollo Global Management ընկերությունն առաջարկել է մինչև 5 մլրդ դոլար (4․5 մլրդ եվրո) ներդնել ամերիկյան Intel ընկերությունում, հայտնել է Bloomberg-ը։
Տեխնոլոգիական հսկայի ղեկավարությունը ներկայումս քննարկում է Apollo-ի առաջարկը, գործակալությանը հայտնել են աղբյուրները: Նրանք հավելել են, որ վերջնական որոշումներ դեռ չկան, և հնարավոր ներդրումների չափը կարող է փոխվել՝ նաև ենթադրելով, որ այդ բանակցությունները կարող են տապալվել՝ ոչ մի գործարքի չհանգեցնելով:
Intel-ի բաժնետոմսերը, որը ժամանակին չիպեր արտադրող խոշորագույնն էր աշխարհում, տարեսկզբից կորցրել են իրենց արժեքի գրեթե 60 տոկոսը, նշում է Reuters-ը։ Այս տարվա սկզբին Apollo-ն հայտարարել էր, որ Իռլանդիայում Intel-ի նոր արտադրական համալիրի հետ կապված համատեղ ձեռնարկության բաժնետոմսերի 49%-ը ձեռք կբերի 11 միլիարդ դոլարով։
Intel-ի մրցակիցը բանակցություններ է վարում գնման շուրջ
Intel-ում ներդրումներ կատարելու թեման հրապարակվեց անմիջապես այն բանից հետո, երբ Qualcomm-ը դիմեց Intel-ին՝ առաջարկելով ուսումնասիրել համակարգչային չիպերի հայտնի արտադրողի ձեռքբերման հնարավորությունը: Qualcomm-ի գործադիր տնօրեն Քրիշտիանո Ամոնն անձամբ է ներգրավված Intel-ը ձեռք բերելու բանակցություններում, որն ունի 50 տարվա պատմություն։ Այդ քննարկումները նույնպես վաղ փուլում են։ Նախկինում Qualcomm-ը դիտարկում էր նաև Intel-ի մի մասը ձեռք բերելու հնարավորությունը։
Intel-ը հետաձգել է Գերմանիայում 30 միլիարդ եվրո արժողությամբ գործարանի կառուցումը
Մագդեբուրգում Intel-ի միկրոչիպերի արտադրության համալիրի շինարարությունը դադարեցվել է երկու տարով, սեպտեմբերի 16-ին ասել է գլխավոր տնօրեն Փեթ Գելսինջերը։ Սա պետք է դառնար Գերմանիայի պատմության մեջ ամենամեծ օտարերկրյա ուղղակի ներդրումը. այն գնահատվում էր 30 միլիարդ եվրո, և Գերմանիայի կառավարությունը պատրաստ էր տրամադրել այս գումարի մեկ երրորդը՝ 9․9 միլիարդ եվրոն՝ սուբսիդավորման տեսքով: Նախագծով նախատեսվում էր ստեղծել մոտ 3000 աշխատատեղ և ի սկզբանե նախատեսվում էր արտադրությունը սկսել 2027 թվականին:
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։