Բաժին. Բիզնես

Մարկ Ցուկերբերգը դարձել է աշխարհում չորրորդ մարդը՝ ավելի քան 200 մլրդ դոլար կարողությամբ

Սկզբում Մարկ Ցուկերբերգի խաղադրույքը մետատիեզերքի վրա ահռելի սխալ էր թվում, որն ավելի քան 100 միլիարդ դոլար պակսացրեց գործարարի գնահատված կարողությունից: Այժմ դա իր արդյունքն է տալիս, քանի որ Meta Platforms-ի բաժնետոմսերի ռեկորդային բարձր գինը գրեթե վեց անգամ ավելացրել է Ցուկերբերգի կարողությունը՝ հասցնելով այն 201 միլիարդ դոլարի:

Bloomberg Billionaires Index-ի համաձայն՝ Ցուկերբերգի կարողությունն առաջին անգամ գերազանցել է 200 միլիարդ դոլարը, ինչի շնորհիվ նա աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում բարձրացել է չորրորդ տեղ։ Ներկայումս Meta-ի հիմնադիրը զիջում է միայն Իլոն Մասկին, Ջեֆ Բեզոսին և Բեռնարդ Առնոյին։

Այս տարի մի շարք այլ տեխնոլոգիական հսկաների հաջողվել է զգալիորեն մեծացնել իրենց կարողությունը։ Օրինակ, Nvidia-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը կրկնապատկել է իր կարողությունը՝ հասնելով 106․2 միլիարդ դոլարի: Այնուամենայնիվ, ոչ Հուանգը, ոչ էլ որևէ մեկը չի հասել նույն հաջողությանը, ինչ Ցուկերբերգը: Հունվարի 1-ից ի վեր նրա կարողությունն աճել է 73․4 միլիարդ դոլարով: Օրերս սոցցանցային հսկայի արժեթղթերի գինը հասել է պատմական առավելագույնին, իսկ ընդհանուր առմամբ դրանք մեկ տարվա ընթացքում թանկացել են 60%-ով։

2022 թվականից Meta-ն աշխատանքից ազատել է տասնյակ հազարավոր աշխատակիցների՝ 25%-ով կրճատելով իր աշխատուժը ամբողջ աշխարհում։ Բացի այդ, Meta-ն նպատակ ունի դառնալ արհեստական ​​բանականության ոլորտում առաջատարներից մեկը՝ զգալի միջոցներ ծախսելով տվյալների մշակման նոր կենտրոնների և հաշվողական հզորությունների կառուցման վրա։

Ցուկերբերգի սեփական հանրային իմիջը նույնպես կտրուկ փոխվել է՝ երկու տարի առաջվա համեմատ: Նա սկսել է զբաղվել մի շարք սպորտաձևերով, ներառյալ խառը մարտարվեստները և վեյքսերֆինգը: Ցուկերբերգը նաև ասել է, որ մտադիր է հեռու մնալ քաղաքականությունից՝ չնայած սոցիալական արդարության, անհավասարության և միգրացիոն խնդիրների վերաբերյալ իր վաղ հայտարարություններին:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share