Բաժին. Բիզնես

NOKIA-Ն ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՄԵՋ

Հնդկաստանի հարկային մարմինները ֆիննական Nokia ընկերությանը մեղադրել են հարկերի վճարումից խուսափելու մեջ: Ինչպես գրում է Economic Times-ը՝ «չվճարված» հարկերի ընդհանուր ծավալը գնահատվում է շուրջ 368 մլն ԱՄՆ դոլար:

Նշվում է, որ Հնդկաստանի իշխանությունները բջջային հեռախոսների արտադրության ոլորտում առաջատար ընկերությանը ներկայացրել են վերջնաժամկետ՝ վճարումները կատարելու համար:

Nokia ընկերությունն իր հերթին հայտարարել է, որ պատրաստ է գործել տեղական օրենքներով, սակայն համաձայն չէ ներկայացված մեղադրանքների հետ:

Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Nokia-ի հնդկական ստորաբաժանումը մայր ընկերությունից փոխանցված ռոյալթիների դիմաց չի վճարել սահմանված 10% հարկը:

Հնդկաստանն իր ծավալներով Nokia-ի խոշորագույն շուկաներից մեկն է:  

Մինչ այս Հնդկաստանում հարկային խնդիրների հետ էին բախվել նաև Vodafone, Cadbury և Royal Dutch Shell ընկերությունները:

Վերլուծաբանները նշում են, որ Հնդկաստանը «հարկային մեղադրանքների» միջոցով փորձում է լուծել երկրի բյուջեի պակասուրդի հետ կապված խնդիրները:

Share