Բաժին. Բիզնես

ԵՐԵՎԱՆ-ՎԱՆ ՉՎԵՐԹՆ ԱՐԳԵԼՎԵՑ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

Վան-Երևան-Վան ավիաչվերթի գործարկումը հետաձգվում է անորոշ ժամանակով: Այս մասին հայտնել է «Նարեկավանք Տուր» գործակալությունը: Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն անորոշ ժամանակով հետաձգել է չվերթը: Չվերթի կազմակերպիչներն էին հայկական «Նարեկավանք Տուր» գործակալությունը, թուրքական «Բորաջեթ» ավիաընկերությունը և «Այասին» գործակալությունը:

«Չվերթի գլխավոր նպատակն էր զարգացնել տուրիզմը և ժողովուրդների միջև մշակութային կապերը տարածաշրջանում, ինչպես նաև նպաստել տնտեսական և գործարար համագործակցությունը: Չվերթի կազմակերպիչները խանդավառությամբ արձանագրում էին այն փաստը, որ նախաձեռնությունը չի արգելակվում ոչ Հայաստանի, ոչ էլ Թուրքիայի իշխանությունների կողմից: Այս դրական իրողությունը բազմիցս ողջունվել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Թուրքական տուրիստական գործակալությունների ասոցիացիայի Վանի մասնաճյուղի կողմից:

Կազմակերպիչները միանգամայն քաղաքականությունից հեռու մնալու մոտեցումով էին առաջնորդվում: Ափսոսանքով հայտնում ենք, որ նույնը չկարողացան անել թուրքական իշխանությունները, որոնք ի վերջո թույլ տվեցին, որ քաղաքականությունը բացասական կերպով միջամտի այս խոստումնալից նախագծին: Մենք դեռ հույս ունենք, որ Թուրքիայի իշխանությունները ողջամտություն կցուցաբերեն և կվերանայեն իրենց որոշումը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Share