Բաժին. Բիզնես

«ՕԴԻ ՀԱՐԿԻ» ՄԱՍՈՎ «ԱՐՄԱՎԻԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՆ ՊԱՐՏՔ Է ՄՈՏ 40 ՄԼՆ ԴՈԼԱՐ

Ապրիլի 1-ից իր գործունեությունը դադարեցրած «Արմավիա» ավիաընկերությունը ոչ միայն շուրջ 30 մլն ԱՄՆ դոլար է պարտք հայկական ընկերություններին, այլև զգալի պարտք է կուտակել պետբյուջեի առջև։ Ինչպես գրում է «ՍիվիլՆեթ»-ը՝  2009թ. մարտի վերջից, երբ օդի տուրքը ներառվեց ավիատոմսի գնի մեջ, «Արմավիան» ընդհանրապես գումար չի փոխանցել պետբյուջե։ 

Նշենք, որ 2008թ. կառավարության որոշմամբ՝ Հայաստանից օդային փոխադրամիջոցներով դուրս մեկնելիս գանձվող 10 հազար դրամը 2009թ. մարտից ներառվելու էր տոմսի գնի մեջ։ Հավաքագրված գումարները պետբյուջե պարտավորվում էին փոխանցել ավիաընկերությունները։ 

«ՍիվիլՆեթ»-ի մոտավոր հաշվարկներով, 10 հազար դրամ «օդի տուրքի» պայմաններում «Արմավիան»  ուղևորափոխադրումներից պետբյուջե պետք է վճարեր 16 մլրդ դրամ կամ մոտ 40 մլն ԱՄՆ դոլար (2009-2012թթ. «Արմավիայի» չվերթներով Հայաստանից մեկնել է մոտ 1,6 մլն մարդ)։ Թե այդ գումարից որքան է փոխանցել պետբյուջե, պարզ չէ։ 

Պետբյուջեին պարտքը, ըստ ամենայնի, չի  էլ վճարվի։ Ավիաընկերությունը դիմելու է դատարան՝ սնանկության մասին դիմումով։ Սնանկ ճանաչվելու դեպքում «Արմավիայում» նշանակվելու է արտաքին կառավարիչ, որին էլ վերապահվելու են ընկերության պարտատերերի հետ խնդիրների կարգավորման լիազորությունները։ 

Բացի այդ՝ «Արմավիան» լուրջ ակտիվներ չունի, կամ դրանք արդեն իսկ գրավադրված են բանկերում։ Եթե անգամ վաճառվի ընկերության անշարժ և շարժական ամբողջ գույքը, ստացված միջոցները չեն բավարարի մարելու մոտ 6 ամսվա աշխատավարձերի, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանին ավելի քան $5 մլն-ի, ինչպես նաև պետբյուջեի պարտքերը։

Share