Բաժին. Բիզնես

CITIGROUP-Ը ԳԵՐԱԶԱՆՑԵԼ Է ՇՈՒԿԱՅԻ ՍՊԱՍՈՒՄՆԵՐԸ

Ամերիկյան խոշորագույն բանկերից մեկը՝ Citigroup-ն, ամփոփել է 2013 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Հրապարակված հաշվետվության համաձայն՝ հաշվետու եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բանկի զուտ շահույթն աճել է 30%-ով և կազմել 3,808 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ համախառն հասույթն աճել է 6%-ով և կազմել 20,491 մլրդ ԱՄՆ դոլար:

Հատկանշական է, որ բանկի հրապարակած ցուցանիշները գերազանցել են վերլուծաբանների կանխատեսումները. Reuters-ի կողմից իրականացված հարցումների համաձայն՝ հաշվետու եռամսյակի համար կանխատեսվել էր 20,17 մլրդ ԱՄՆ դոլարի հասույթ:

Նշենք, որ Citigroup-ն ակտիվների մեծությամբ ԱՄՆ-ի երրորդ խոշորագույն բանկն է: 2008 թվականի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում բանկը հայտնվել էր ծանր ֆինանսական վիճակում և ԱՄՆ ֆինանսների նախարարությունից ստացել 45 մլրդ ԱՄՆ դոլարի ֆինանսական օգնություն: Մի քանի տարի անց, սակայն, ԱՄՆ կառավարությունը դուրս էր եկել Citigroup-ի կապիտալից:

Share