Բաժին. Բիզնես

COCA-COLA-Ի ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ

Coca-Cola ընկերությունն ամփոփել է ընթացիկ ֆինանսական տարվա առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ընկերության զուտ շահույթը կրճատվել է 15%-ով և կազմել 1,75 մլրդ ԱՄՆ դոլար: Մեկ սովորական բաժնետոմսի հաշվով զուտ շահույթը կազմել է 0,39  ԱՄՆ դոլար՝ 2012 թվականի արդյունքներով արձանագրված 0,45  ԱՄՆ դոլար ցուցանիշի դիմաց: 

Միևնույն ժամանակ, հաշվետու եռամսյակում Coca-Cola-ն գրանցել է գործառնական շահույթի 4% անկում: Այն կազմել է 2,4 մլրդ ԱՄՆ դոլար:

Զուտ գործառնական հասույթը կրճատվել է 1%-ով և կազմել 11 մլրդ ԱՄՆ դոլար:

Մեկնաբանելով եռամսյակային ֆինանսական ցուցանիշները՝ Coca-Cola-ի գլխավոր տնօրեն Մուխթար Քենթը նշել է, որ ցուցանիշներն, ընդհանուր առմամբ, գոհացուցիչ են:

Coca-Cola ընկերությունը կազմավորվել է 1892 թվականին և ներկայացնում է Coca-Cola, Fanta և Sprite ապրանքային նշանները:

Նշենք, որ Coca-Cola բրենդը համարվում է ամենաճանաչվածն աշխարհում:

Share