Բաժին. Բիզնես

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԶԱՐԳԱՆԱ ՉՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

Երևանի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Սյունիքի և Տավուշի չիր արտադրողներին ներկայացվել են չրերի արտադրության ժամանակակից տեխնոլոգիական ու որակի ստանդարտները: Միջոցառումը տեղի է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության  Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի («Ի-Դի-Էմ-Սի») և Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) կողմից մեկնարկած «Աջակցություն չրերի արտադրությանը» համատեղ նախաձեռնության շրջանակում:  Միջոցառմանը ներկա են եղել նաև ՓՄՁ ԶԱԿ-ի, Գյուղատնտեսության և գյուղական զարգացման կենտրոնի (CARD), «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության և Գյուղատնտեսական դաշինքի ներկայացուցիչներ: 

«Հայաստանում չրերի արտադրության ոլորտում իրացումը և արտահանումն ավելացնելու մեծ ներուժ կա, եթե արտադրողները հետևեն բերքահավաքից հետո պտուղ-բանջարեղենի չորացման կանոններին և պահպանեն որակի միջազգային չափանիշները: ՓՄՁ ԶԱԿ-ը և մեր տեղական ու միջազգային գործընկերները պատրաստ են օժանդակելու հայաստանյան չիր արտադրողներին, որպեսզի նպաստեն այդ ենթաոլորտի առաջխաղացմանը և առաջիկա տարիներին արտահանման ծավալների աճին»,- նշել է ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Վարազդատ Կարապետյանը: 

Նշենք, որ միջոցառումից առաջ՝ մարտի 12-ից մինչև ապրիլի 18-ը, «Ի-Դի-Էմ-Սի»-ն և ՓՄՁ ԶԱԿ-ը համատեղ աշխատել են չրերի արտադրության ոլորտում առկա մի շարք խնդիրների ուղղությամբ:

ՓՄՁ ԶԱԿ-ի մասնագետների հետ՝ «Ի-Դի-Էմ-Սի»-ի միջազգային փորձագետ Ռուջերո Մալոսին, որը սննդի և ըմպելիքի արտադրության, մշակման, փաթեթավորման ոլորտում գրեթե 25 տարվա փորձ ունի, համագործակցել է տեղական  արտադրողների հետ` որակի միջազգային ստանդարտներ ներդնելու համար անհրաժեշտ չափանիշների ապահովման ուղղությամբ, ինչպես նաև վերապատրաստել է չրերի արտադրության 17 մասնագետների՝ որպես դասընթացավարների:

Փորձագետը նաև մշակել է տեխնոլոգիական մոդելներ, արտադրանքը շուկա հանելու պայմանների ու ստանդարտների գործնական առաջարկությունների փաթեթ, չրերի արտադրության ձեռնարկ և ներկայացրել իր առաջարկները չրագործական գիտելիքների կենտրոն հիմնելու վերաբերյալ:

Միջոցառման ավարտին «Դասընթացավարների վերապատրաստման» դասընթացի մասնակիցներին շնորհվել են վկայագրեր, ովքեր գալիք ամիսներին իրենց ձեռքբերած գիտելիքը կփոխանցեն ավելի մեծ թվով չիր արտադրողների: Որպես Հայաստանի չիր արտադրողներին աջակցության նախաձեռնության մաս՝ «Ի-Դի-Էմ-Սի»-ն և ՓՄՁ ԶԱԿ-ը ծրագրում են տպագրել և տարածել մշակված չրերի արտադրության ձեռնարկը, ինչպես նաև գործակցել չրագործական գիտելիքի կենտրոնի ստեղծման հարցում: Այս ամենից բացի՝ վերապատրաստմանը մասնակցած չրագործներն այժմ կկարողանան դիմել ՓՄՁ ԶԱԿ` մինչև 5 միլիոն դրամ,  տարեկան 10 տոկոս տոկոսադրույքով ՓՄՁ վարկեր ստանալու համար:

Share