Բաժին. Բիզնես

NOKIA-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՇԽԱՏԵԼ ՎՆԱՍՈՎ

Ֆիննական Nokia ընկերությունն ամփոփել է ընթացիկ տարվա առաջին երեք ամիսների իր գործունեության արդյունքները: Հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ընկերության կրած զուտ վնասը կրճատվել է մոտ 3,4 անգամ և կազմել 272 մլն եվրո: Նշենք, որ 2012 թվականի առաջին եռամսակում Nokia-ն կրել էր 928 մլն եվրոյի վնաս:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու եռամսյակի արդյունքներով մեկ բաժնետոմսին բաժին ընկնող զուտ վնասը կազմել է 0,07 եվրո, իսկ եռամսյակային հասույթը կրճատվել է 20%-ով և կազմել 5,85 մլրդ եվրո:  

Հատկանշական է, որ հունվար-մարտ ամիսներին Nokia ընկերության առավել առանցքային Devices & Services բիզնես-ստորաբաժանման վաճառքի ծավալները կրճատվել են 32%-ով և կազմել 2,88 մլրդ եվրո: Միևնույն ժամանակ, բջջային հեռախոսների վաճառքի ծավալները կրճատվել են 31%-ով և կազմել 1,59 մլրդ եվրո:

Հաշվետու եռամսյակում Nokia-ն վաճառել է 6,1 մլն սմարթֆոն:

Նշենք, որ Nokia ընկերության արտադրանքը ներկայացված է աշխարհի 160 երկրում:

Share