Բաժին. Բիզնես

PHILIPS-Ի ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 13%-ՈՎ

Էլեկտրոնիկայի և կենցաղային տեխնիկայի արտադրության ոլորտում առաջատար եվրոպական Royal Philips Electronics NV ընկերությունն ամփոփել է 2013 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ըստ հրապարակված ամփոփ ֆինանսական հաշվետվության՝ հաշվետու եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ընկերության զուտ շահույթը կրճատվել է շուրջ 13%-ով և կազմել 161 մլն եվրո: Արդյունքում, մեկ բաժնետոմսի հաշվով զուտ շահույթը կազմել է 0,18 եվրո՝ 2012 թվականին արձանագրված 0,2 եվրոյի դիմաց:

Միևնույն ժամանակ, ընկերությունը գրանցել է վաճառքի 1% աճ: Հաշվետու եռամսյակում վաճառքի ծավալը կազմել է 5,26 մլրդ եվրո:

Մեկնաբանելով ընկերության եռամսյակային ֆինանսական ցուցանիշները՝ Philips-ի տնօրեն Ֆրանս վան Հաութենը (Frans van Houten) նշել է, որ ընթացիկ տարին ընկերությունը մեկնարկել է գոհացուցիչ ցուցանիշներով:

Սպասվում է, որ ԱՄՆ-ում ու Եվրոպայում առկա շուկայական ոչ այնքան բարենպաստ պայմաններում տարվա առաջին կեսին ընկերությունը կգրանցի վաճառքի «զուսպ» աճ:

Royal Philips Electronics NV ընկերությունը հիմնադրվել է 1891 թվականին:

Share