Բաժին. Բիզնես

INBEV-Ը ՉԻ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՇՈՒԿԱՆ ԳՐԱՎԵԼՈՒ ՄՏՔԻՑ

Գարեջրի արտադրությամբ զբաղվող բելգիական Anheuser-Busch InBev N.V. ընկերությունը (AB InBev) և Grupo Modelo (GM) ընկերության բաժնետոմսերի 50%-ի գնման գործարքի մյուս մասնակիցներն ԱՄՆ Արդարադատության նախարարության կողմից ստացել են գործարքի կնքման համապատասխան թույլտվությունը: Գործարքի վերջնական կայացման համար այժմ անհրաժեշտ է միայն Դաշնային դատարանի թույլտվությունը:

Նշենք, որ նախապես հայտարարվել էր, որ InBev ընկերությունն ամերիկյան շուկայում մեծ պահանջարկ վայելող Corona գարեջրի արտադրությամբ զբաղվող մեքսիկական Grupo Modelo ընկերության իր բաժնեմասը ուղղակի գնմամբ կհասցնի 100%-ի: ԱՄՆ Արդարադատության նախարարությունը, սակայն, հանդես էր եկել հայտարարությամբ՝ պահանջելով դատարանի որոշմամբ արգելել գործարքի կնքում: Որպես պատճառ նշվել էր  ամերիկյան շուկայում AB InBev ընկերության ներկայության հնարավոր կտրուկ աճն ու դրա հետևանքները:

Հակամրցակցության այս դիրքորոշմանն ի պատասխան՝ AB InBev-ն վերանայել էր գործարքի պայմանները՝ դրանք համապատասխանեցնելով ամերիկյան պահանջներին:

Anheuser-Busch InBev N.V. գարեջրի արտադրության ոլորտում աշխարհի առաջատարն է՝ համաշխարհային շուկայի իր 25% մասաբաժնով: Ընկերությունը հիմնադրվել է 2008 թվականին՝ ամերիկյան Anheuser-Busch և բրազիլաբելգիական InBev ընկերությունների միավորման արդյունքում:

Grupo Modelo ընկերությունը հիմնադրվել է 1925 թվականին:

Share