Բաժին. Բիզնես

ORANGE-Ը ՆԵՐԴՐԵԼ Է ԱՎՏՈՄԱՏ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Այսուհետ Orange-ի ամսական բաժանորդագրությունների՝ Թիթեռի, Պանտերայի, Դելֆինի և Առյուծի բաժանորդները, ինչպես նաև Orange Ինտերնետի բաժանորդներն այլևս կարիք չեն ունենա ամեն ամիս մտածել իրենց ամսական վճարները կատարելու մասին:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Orange-ի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ բաժանորդները, պարզապես մեկ անգամ այցելելով Orange-ի խանութ, կարող են գրանցվել պարբերական վճարումների համակարգում, որից հետո ամեն ամիս համակարգն իրենց բանկային հաշվից ավտոմատ կերպով կկատարի վճարումները:

Ավտոմատ վճարումների այս ծառայությունը լայնորեն տարածված է Արևմտյան Եվրոպայի երկրներում: Orange-ն առաջին օպերատորն է Հայաստանում, որը հնարավորություն է տալիս այս ծառայությունն ակտիվացնել հենց իր խանութներում:

Յուրաքանչյուր ամսվա 1-ից 7-ը պարբերական վճարումների համակարգում գրանցված բաժանորդները էլեկտրոնային փոստով կստանան նախորդ ամսվա հաշիվը և կկարողանան ստուգել այն, իսկ նույն ամսվա 11-ից սկսած կկատարվի վճարումը բանկի կողմից: Յուրաքանչյուր վճարման մասին բաժանորդը կտեղեկացվի SMS-ի միջոցով:

Ծառայությունից կարող են օգտվել հետևյալ բանկերի հաճախորդները՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ, Կոնվերս Բանկ, ՎՏԲ-Հայաստան Բանկ, ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ:

Share