Բաժին. Բիզնես

ORANGE-Ը ՉԻ ԴԻՄԱՆՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆԸ. FRANCE TELECOM-Ի ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ

Ֆրանսիական խոշորագույն France Telecom հեռահաղորդակցական ընկերությունը, որը ներկայացնում է Orange բրենդը, ամփոփել է 2013 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Հրապարակված ամփոփ հաշվետվության համաձայն` հաշվետու եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ընկերության շահույթը կրճատվել է 9%-ով և կազմել 3,12 մլրդ եվրո (շուրջ 4,1 մլրդ ԱՄՆ դոլար): Եռամսյակային հասույթը կրճատվել է 5,9%-ով և կազմել 10,28 մլրդ եվրո:

Ըստ վերլուծաբանների` վերջին ժամանակահատվածում հեռահաղորդակցական շուկայում խորացող մրցակցության պայմաններում France Telecom ընկերությունը փոքր-ինչ վերանայել է իր գործունեությունն` ուշադրության կենտրոնում պահելով առավելապես ինտերնետ հասանելիության ապահովման ծառայությունները և միաժամանակ անցում կատարելով գնային առավել մեղմ քաղաքականության:

Հատկանաշական է, որ France Telecom ընկերությունը, որի շահույթի զգալի մասը ձևավորվում է Ֆրանսիայում, ձգտում է առավել ընդլայնել իր գործունեությունն այլ երկրներում, և, մասնավորապես, աֆրիկյան շուկայում: 

Նշենք նաև, որ France Telecom-ի շուկայական կապիտալիզացիան գնահատվում է շուրջ 20,7 մլրդ եվրո:

2009 թվականի նոյեմբերի 5-ից France Telecom-ը Orange բրենդի ներքո ծառայություններ է մատուցում նաև Հայաստանում:

Share