Բաժին. Բիզնես

«ԱՐՄԱՎԻԱՅԻ» ՍՆԱՆԿԱՑՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ԲԱՑԱՍԱԲԱՐ ԱԶԴԵԼ «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ» ԲԱՆԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Տարածված լուրերը, թե «Արմավիա» ավիաընկերությունն ամենամեծ պարտքերն ունի «ՎՏԲ-Հայաստան» բանկին, և որի արդյունքում բանկի հայաստանյան կառույցը կարող է սնանկանալ, նշված բանկի կողմից չեն հաստատվում:  Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Բանն այն է, որ «Ժողովուրդ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան` «ՎՏԲ-Հայաստան» բանկից հայտնել են, թե իրենք շարունակում են նախկինի պես բանկային ծառայություններ մատուցել:

Այնուամենայնիվ, նույն բանկի` թերթին ուղարկած տվյալներով` նրանց մասնաճյուղերից երեքը վերջին մեկ տարվա ընթացքում փակվել են: Ավելին, «Արմավիա» ավիաընկերության սնանկ հայտարարվելուց հետո, այսինքն` այս ամսվա ընթացքում, փակվել է նաև «ՎՏԲ-Հայաստան» բանկի Տաշիրի տարածաշրջանի մասնաճյուղը: Բանկի ներկայացուցիչները, սակայն, հավաստիացնում են, որ հաճախորդները նույն ծառայությունները կարող են ստանալ հարևան Ստեփանավան քաղաքի մասնաճյուղից:

Բայց փաստն այն է, որ բանկը շարունակում է կորուստներ կրել: Չի բացառվում, որ իսկապես «Արմավիայի» սնանկացումը բացասաբար ազդի «ՎՏԲ-Հայաստան» բանկի գործունեության վրա:

Share