Բաժին. Բիզնես

LG-Ի ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է ՇՈՒՐՋ 11 ԱՆԳԱՄ

Հարավկորեական LG Electronics ընկերությունն ամփոփել է ընթացիկ տարվա առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ըստ հրապարակված հաշվետվության՝ հաշվետու եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ընկերության զուտ շահույթը կրճատվել է շուրջ 11 անգամ և կազմել 22,1 մլրդ վոն (շուրջ 20 մլն ԱՄՆ դոլար): Միևնույն ժամանակ, եռամսյակային վաճառքի ծավալները կազմել են 14,1 տրիլիոն վոն:

Ինչպես փաստում են վերլուծաբանները՝ հաշվետու եռամսյակում LG Electronics ընկերության շահույթի անկումը պայմանավորված է հեռուստացույցների համաշխարային շուկայում աճող մրցակցությամբ: Ընկերության վաճառքից հասույթի շուրջ կեսը ձևավորվում է հեռուստացույցների վաճառքից:

Հաշվետու եռամսյակում սմարթֆոնների վաճառքի մասով LG ընկերությունը գրանցել է տպավորիչ ցուցանիշ. այս երեք ամսվա ընթացքում համաշխարհային շուկայում վաճառվել է ընկերության արտադրության 10,3 մլն սմարթֆոն: Արդյունքում, ներկայում սմարթֆոնների համաշխարհային շուկայում LG ընկերության մասնաբաժինը կազմում է 3,2%:

Ընթացիկ տարվա համար LG ընկերությունը կանխատեսում է հեռուստացույցների վաճառքի 15% աճ:

Share