Բաժին. Բիզնես

«ԱՐՄԱՎԻԱ» ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

«Արմավիա» ավիաընկերությունը ՀՀ Հանրային խորհուրդ է ներկայացրել առողջացման ծրագիր:

Ըստ այդմ՝ ավիաընկերությունն առաջարկում է նախ վերականգնել հավասարությունը (պարիտետ). «Արմավիա» ընկերության տարածած հայտարարության համաձայն՝ 2009  թվականից հետո ավիափոխադրումների շուկայում խախտվել է պարիտետը՝ հօգուտ ռուսական ավիաընկերությունների:

Հայկական մամուլը գրում է, որ մինչ 2009 թվականը պարիտետը պահպանվել է ըստ ինքնաթիռի նստատեղերի՝ այսինքն հայկական եւ ռուսական ավիափոխադրողները որեւէ ուղղությամբ հավասար քանակությամբ ուղեւորներ փոխադրելու սկզբունք են մշակել: Սակայն 2009 թվականին պարիտետը սահմանվել է ըստ չվերթների քանակի, ինչի արդյունքում ռուսական ավիաընկերությունները շահել են ավելի մեծ ինքնաթիռներ ունենալու շնորհիվ: Բացի այդ՝ Ռուսաստանը իրավունք է ստացել ավելացնել չվերթների քանակը: Ըստ «Արմավիա»  ընկերության բացատրության՝ մինչև պարիտետը չվերականգնվի նախկինի պես, հնարավոր չէ մրցակցել ռուսական ընկերությունների հետ:

«Արմավիա» ավիաընկերությունն իր առողջացման ծրագրում առաջարկում է նաև ավիատոմսերից հանել 10 հազար ՀՀ դրամ պետական տուրքը («օդի հարկ»), ավիաընկերություններին ինքնուրույն ավիացիոն վառելիք ձեռք բերելու հնարավորություն տալ, վերակազմավորել պետբյուջեի նկատմամբ պարտքերը և ապահովել պետության մասնակցությունն «Արմավիա» ընկերության կապիտալում:

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ից «Արմավիան» դադարեցրել է թռիչքները, սակայն առ այսօր սնանկության համար դատարան չի դիմել:

Share