Բաժին. Բիզնես

«ԼՈԿԱՏՈՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈՒ ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ

Ապրիլի 26-ից 28-ը «Լոկատոր» ընկերությունը մասնակցել է Մերգելյան ինստիտուտի «Երևան էքսպո» ցուցասրահում կայացած «Առողջապահության ու դեղագործության» 12-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին: Այս անգամ ընկերությունը ներկայացրել է իր Medical Solutions» համակարգի լուծումները՝ շտապօգնության մեքենաների դիսպետչերիզացիայի համար:  

Համակարգն իրենից ներկայացնում է ճշգրիտ էլեկտրոնային քարտեզի վրա ավտոմեքենաների աշխարհագրական դիրքի, շարժման ուղղության և արագության որոշում, հասցեի փնտրում, սեփական օբյեկտները (բուժ. հաստատությունները) քարտեզի վրա տեղադրելու հնարավորություն և այլն:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «Լոկատոր» ընկերությունից՝ 2011թ. հունիսից «Լոկատոր» ընկերության  «Medical Solutions» համակարգը ներդրվել է շտապօգնության մոտ 60 մեքենաների վրա:

«Համակարգի ներդրման, ինչպես նաև մեքենաների նորացման շնորհիվ բարելավվել է շտապօգնության աշխատանքը: Այժմ այդ մեքենաներն արձանագրված կանչին մոտենում են միջինում 5-6 րոպեում (վատագույն դեպքում 12 րոպեում)` նախկին 15-25 րոպեի փոխարեն: Արդյունքում մեծացել է մարդկանց կյանքը փրկելու հնարավորությունը, քանի որ այս պարագայում յուրաքանչյուր րոպե թանկ է ու կարող է կյանք արժենալ»,- նշել է «Լոկատոր» ընկերության կոմերցիոն տնօրեն Վլադիմիր Սոֆյանը:

Ընկերության ապագա ծրագրերի մեջ է մտնում ստեղծել համընդհանուր կապ բուժհաստատությունների միջև, ինչի շնորհիվ հիվանդին առաջին օգնություն ցույց տալուց հետո պարզ կլինի, թե կոնկրետ որ հիվանդանոց է անհրաժեշտ նրան տեղափոխել` հաշվի առնելով հիվանդությունը, հիվանդանոցի` համապատասխան սարքավորումներով ապահովված լինելը,  համապատասխան բժիշկների այդ պահին ներկա գտնվելը և այլն:

«Լոկատոր» ՓԲ ընկերությունը հիմնադրվել է 2007թ.: Իր իսկ կողմից նախագծված ծրագրային և քարտեզագրական հենքի շնորհիվ ընկերությունը կարճ ժամանակահատվածում զբաղեցրել է առաջատար դիրքեր շարժական օբյեկտների արբանյակային վերահսկողության ծառայությունների ոլորտում: Օգտագործելով կուտակված փորձն ու նորարարական գաղափարները` ներկայումս ընկերությունը ներկայացնում է մի շարք լուծումներ երկրատեղեկատվական /GIS/, առցանց վերահսկողության և հեռահար կառավարման ոլորտներում:

Բոլորովին վերջերս ընկերությունը ներգրավվեց նաև եռաչափ /3D/ մոդելավորման ոլորտ, որտեղ, որպես քարտեզագրության տրամաբանական շարունակություն, ստեղծում և համացանցում (GoogleEarth համակարգում) ազատ տեղակայում է ՀՀ քաղաքների և նրա շինությունների եռաչափ մոդելները:

Այսօր ընկերությունն ունի նաև ոչ կոմերցիոն ծրագրեր, որոնց հիմնական նպատակն է ազգային PR-ը, պատմամշակութային և ճարտարապետական կոթողների ներկայացումը համացանցում և զբոսաշրջության զարգացումը:

Share