Բաժին. Բիզնես

FACEBOOK-Ի ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԱՃԵԼ

2013 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Facebook-ի զուտ շահույթը կազմել է շուրջ 219 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 7%-ով:

Ընկերության հրապարակած ամփոփ ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու եռամսյակի արդյունքներով մեկ սովորական բաժնետոմսին բաժին ընկնող զուտ շահույթը պահպանվել է նախորդ տարվա նույն եռամսյակում գրանցված մակարդակում` 0,09 ԱՄՆ դոլար:

Հունվար-մարտ ամիսներին Facebook-ի հասույթը կազմել է 1,46 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը 38%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը:

Հատկանշական է, որ Facebook-ի հասույթի կառուցվածքում շարունակում են գերակշռել գովազդային եկամուտները: Հաշվետու երեք ամսում սոցիալական ցանցի հասույթի 85%-ը բաժին է ընկել գովազդին: Այս տարվա առաջին երեք ամսում, նախորդ տարվա նույն ժաանակահատվածի համեմատ, Facebook-ի գովազդային եկամուտներն աճել են 43%-ով:

Նշենք նաև, որ մարտ ամսվա դրությամբ Facebook-ից օրական օգտվում է շուրջ 665 մլն մարդ, ինչը մեկ տարի առաջ գրանցված ցուցանիշը գերազանցում է 26%-ով: Միևնույն ժամանակ, Facebook-ի բջջային տարբերակից օգտվողների թիվն աճել է 54%-ով և կազմել 751 մլն:

Հիշեցնենք, որ Facebook-ը հիմնադրվել է 2004 թվականին:

Share