Բաժին. Բիզնես

ORANGE ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ Է ԵՎՍ 20 ԿՐԹԱԹՈՇԱԿ

Շարունակելով համագործակցությունը Հայաստանի համալսարանների հետ` Orange Հիմնադրամը կրթաթոշակներ է տրամադրել Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի (Պոլիտեխնիկ) Գյումրի և Վանաձոր քաղաքների մասնաճյուղերի 20 ուսանողի:

«Համալսարանների հետ մեր համագործակցությունը շարունակվում է, իսկ այդ համագործակցության մի բաղկացուցիչն էլ օգնությունն է լավագույն ուսանողներին, ովքեր դժվարանում են լուծել բարձրագույն կրթության ֆինանսական դժվարությունները», – ասել է Orange Արմենիա Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:

Համալսարաններին Orange Հիմնադրամը փոխանցել է 2,000,000 դրամ, որը պետք է հատկացվի ուսանողների ուսման վարձի մարմանը: Ուսանողներն ընտրվել են համալսարանների առաջարկով` երկու հիմնական չափանիշների հիման վրա.` ուսանողի առաջադիմություն և ընտանիքի սոցիալական վիճակ: Նույն սկզբունքով այս ուսումնական տարվա ընթացքում, ընդհանուր առմամբ, նախատեսված է տրամադրել կրթաթոշակներ 9 համալսարանում:

Համալսարանների հետ Orange-ի համագործակցությունը չի սահմանափակվում կրթաթոշակների տրամադրմամբ. բուհերի հետ համագործակցության շրջանակներում ուսանողները կարող են մասնագիտական պրակտիկա անցնել Orange-ում, իսկ ընկերության աշխատակիցները մասնագիտական և վերապատրաստման դասընթացներ են իրականացնում ուսանողների համար:

WiFi անկյունների ստեղծումն այս համագործակցության տարրերից մյուսն է: Վանաձորի մասնաճյուղում նման WiFi անկյուն արդեն բացվել է մեկ տարի առաջ, իսկ Գյումրիի մասնաճյուղում WiFi անկյան բացումը տեղի է ունեցել Ֆրանսիս Ժելիբտերի այցի ժամանակ: WiFi անկյուններն ուսանողներին և համալսարանների աշխատակիցներին թույլ են տալիս ինտերնետից օգտվել ինչպես կրթական, այնպես էլ ժամանցային նպատակներով:

Հայաստանի համալսարանների հետ Orange-ի համագործակցություն մեկնարկել է երկու տարի առաջ: 2011-12 ուսանողական տարվա ընթացքում Orange Հիմնադրամը կրթաթոշակներ է տրամադրել 6 համալսարանի 67 ուսանողների, իսկ 2012-13-ին կրթաթոշակ կտրամադրի 9 համալսարանի 95 ուսանողների, որոնցից 70-ը՝ Հայաստանի մարզերում:

Share