Բաժին. Բիզնես

GM-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 12% ԱՆԿՈՒՄ

Ամերիկյան General Motors (GM) ընկերությունն ամփոփել է 2013 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ընկերության զուտ շահույթը նվազել է 12%-ով և կազմել 1,17 մլրդ ԱՄՆ դոլար: Մեկ սովորական բաժնետոմսին բաժին ընկնող զուտ շահույթը կազմել է 0,63 ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, ընկերության եռամսյակային հասույթը կրճատվել է 2%-ով և կազմել 36,9 մլրդ ԱՄՆ դոլար:

Հունվար-մարտ ժամանակահատվածում ամբողջ աշխարհում GM-ի վաճառքի ծավալները տարեկան կտրվածքով աճել են 3,6%-ով և կազմել 2,36 մլն ավտոմեքենա:

General Motors ընկերությունը մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ է թողարկում աշխարհի շուրջ 34 երկրում: Միևնույն ժամանակ, ընկերությունն իր արտադրության ավտոմեքենաները վաճառում և տեխսպասարկում է իրականացնում աշխարհի ավելի քան 140 երկրում: GM-ի արտադրության ավտոմեքենաներն առավել մեծ պահանջարկ են վայելում ԱՄՆ-ում, Չինաստանում, Բրազիլիայում, մեծ Բրիտանիայում, Կանադայում:

Share