Բաժին. Բիզնես

ADIDAS-Ը ՀԱՂԹԱՀԱՐԵԼ Է ԻՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում սպորտային հագուստ և այլ պարագաներ արտադրող գերմանական Adidas ընկերությունն ապահովել է 308 մլն եվրոյի զուտ շահույթ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 6%-ով: Միևնույն ժամանակ, գործառնական շահույթն աճել է 8%-ով և կազմել 442 մլն եվրո:

Ըստ հրապարակված ֆինանսական ամփոփ հաշվետվության՝ հաշվետու եռամսյակում Adidas-ի վաճառքի զուտ ծավալները կրճատվել են 2%-ով և կազմել 3,75 մլրդ եվրո: Ընկերության ներկայացուցիչները պարզաբանել են, որ վաճառքի ցուցանիշների մասով գրանցված անկումը պայմանավորված է տարվա սկզբին սպորտային միջոցառումների սակավությամբ, ինչպես նաև Reebok ապրանքային նշանի շարունակվող «բիզնեսային անհաջողություններով» և փոխարժեքի տատանումներով:

Հատկանշական է, որ չնայած Reebok-ի անհաջողություններին, Adidas-ը մտադիր չէ հրաժարվել այս բրենդից:

Հիշեցնենք, որ շուրջ մեկ տարի առաջ Adidas-ը հայտնվել էր սկանդալային պատմության մեջ՝ Reebok բրենդի հետ կապված: Reebok-ի հնդկական մասնաճյուղի թոփ-մենեջերը մշակել և իրագործել էր կեղծ գործարք, որի արդյունքում Adidas-ը կրել էր 150-230 մլն ԱՄՆ դոլարի վնաս:

Adidas-ը Reebok բրենդը գնել էր 2005 թվականին՝ 3,8 մլրդ ԱՄՆ դոլարով:

Նշենք նաև, որ սպորտային հագուստի և պարագների համաշխարհային արտադրության ոլորտում Adidas-ը զիջում է միայն Nike-ին:

2012 թվականի չորրորդ եռամսյակում Adidas ընկերությունն, ընդհանուր առմամբ, կրել է 239 մլն եվրոյի վնաս:

Share