Բաժին. Բիզնես

«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ»-Ն ԱՄՓՈՓԵԼ Է ԱՊՐԻԼՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն ամփոփել է ապրիլին կատարված աշխատանքի արդյունքները:  Ինչպես «ԲԻզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Մամուլի ծառայությունից՝ 2013 թվականի ապրիլին երկաթուղին փոխադրել է 264,8 հազ տոննա բեռ, որից 181,6 հազ տոննա կազմել է բեռնումը, ինչը 2%-ով գերազանցում է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Միևնույն ժամանակ, գրանցվել է ներմուծման բեռնափոխադրումների կրճատում.  ապրիլին պլանավորված ցուցանիշը կատարվել է միայն 83%-ով:

Երկաթուղու դրական ձեռքբերումներից ընկերության ներկայացուցիչները նշել են նախորդ տարվա համեմատ 0,8 ժամով կամ 9,9%-ով տրանզիտային վագոնների պարապուրդի ժամանակի ու 19,2 ժամով կամ 85,6% մեկ վագոնի պարապուրդի ժամանակի կրճատումը:

Հրապարակված ցուցանիշների համաձայն, ապրիլին դեպոներում վերանորոգվել է 41 վագոն, իսկ ընթացիկ վերանորոգում անցել է 39 վագոն:

Ապրիլին ՀԿԵ-ն սպասարկել է 1362 գնացք, որից 1351-ը՝ համաձայն չվացուցակի:  Ընդ որում, «Հարավկովկասյան երկաթուղու» բոլոր միջազգային գնացքներն աշխատել են ըստ չվացուցակի:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Share