Բաժին. Բիզնես

H&M-Ը ԵՎ ZARA-Ն ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԱՅԼԵՎՍ ՉՇԱՀԱԳՈՐԾԵԼ ԻՐԵՆՑ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ

Շվեդական H&M ընկերությունը, որը ներկայացնում է հագուստի վաճառքի խոշորագույն ցանցերից մեկն աշխարհում, համաձայնել է ստորագրել համաձայնագիր՝ Բանգլադեշում գործող իր ձեռնարկություններում տեխնիկական անվտանգության բարելավման մասին:  Համաձայնագրին միանալու մտադրություն է հայտնել նաև իսպանական Inditex ընկերությունը, որը ներկայացնում է Zara բրենդը:

Միևնույն ժամանակ, համանման համաձայնագիր արդեն իսկ ստորագրել է գերմանական PVN ընկերությունը, որը ներկայացնում է Tommy Hilfiger և Calvin Klein ապրանքային նշանները:

Նշենք, որ H&M-ը, ինչպես նաև իր մրցակից ընկերությունների մեծ մասը նախընտրում են հագուստ կարել Բանգլադեշում և այլ նմանատիպ երկրներում, որտեղ աշխատուժը բավականին էժան է: Սա հնարավորություն է տալիս արտադրել համեմատաբար էժան ինքարժեքով հագուստ:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Բանգլադեշի բարձրահարկ շենքերից մեկում, որտեղ տեղակայված է հագուստի արտադրության երեք ֆաբրիկա,  տեղի էր ունեցել հրդեհ, որի ժամանակ մահացել էր ավելի քան 1000 մարդ:

Ինչպես տեղեկացնում է Աշխատանքի համաշխարհային կազմակերպությունը՝ «Պատրաստված է Բանգլադեշում» մակնշումը հագուստ արտադրող ընկերությունների համար ապահովում է զգալի եկամուտ. Բանգլադեշում մեկ դերձակը մեկ ժամում աշխատում է 0,38 եվրո, մինչդեռ Եվրոպայում դերձակի աշխատավարձն ավելի քան 50 անգամ բարձր է:

Share