Բաժին. Բիզնես

«ԿԱՐԱՍ»-Ը ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԵԶԱԿԻ ԲՐԵՆԴՆԵՐԻՑ ՄԵԿԸ

ԿԱՐԱՍ ընկերությունը, որը ներկայացնում է ռեստորանների և բիստրոների խոշորագույն ցանցերից մեկը Հայաստանում, հայտարարել է ռեբրենդինգի գործընթաց սկսելու մասին: Այն կընթանա երկու ուղղությամբ` բրենդի արտաքին թարմացում և ներքին գործընթացների կատարելագործում:

Այսօր՝ մայիսի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ընկերության համասեփականատերեր Տիգրան Յուզբաշյանը և Աշոտ Հարությունյանը, ներկայացնելով ռեբրենդինգի գործընթացը, նշեցին, որ նախատեսվող արտաքին փոփոխությունը ենթադրում է փոփոխված ֆիրմային ոճ, ռեստորանների և բիստրոների նոր ձևավորում, նոր լոգոտիպը, իսկ ընկերության ներքին գործընթացների կատարելագործումը  ենթադրում է հաճախորդների սպասարկման նոր չափանիշների ներդրում, ապրանքատեսականու թարմացում, անձնակազմի ուսուցում, ինչպես նաև վերջիններիս հետ կապված բիզնես գործընթացներ:

Տիգրան Յուզբաշյանի խոսքով՝ ռեբրենդինգի անցկացման որոշումը պայմանավորված է 2013-2014թթ. բիզնես նպատակներով, այն է` պահպանել և ամրապնդել առաջատար դիրքեր ոլորտում, ինչպես նաև զարգացնել ընկերությունը՝ հաճախորդների ժամանակակից պահանջներին համահունչ: Միևնույն ժամանակ, ռեբրենդինգի անցկացման անհրաժեշտությունն առաջացել է՝ պայմանավորված վերջին ժամանակահատվածում մրցակիցների կողմից բրենդի կրկնօրինակման փաստով: «Մենք մեր առջև խնդիր դրեցինք՝ ապահովել բրենդը յուրահատուկ ֆիրմային ոճով՝ կրկին մի քանի քայլ հետ թողնելով կրկնօրինակող մրցակիցներին», – նշեց ընկերության համասեփականատեր Տիգրան Յուզբաշյանը:

«Նախատեսվում է փոխել ոչ միայն սպասարկման կետերի ցուցանակները, այլև անցկացնել համալիր միջոցառումներ, որոնք առաջին հերթին կանդրադառնան բիզնեսի կառավարման թարմացված մոտեցումների ներդրման վրա, այն է` ավելի հստակ հաճախորդամետություն ընկերության բոլոր բիզնես գործընթացներում: ԿԱՐԱՍ ցանցի ռեբրենդինգի շրջանակներում որդեգրվող հաճախորդամետ ռազմավարությունը մեկ օրվա աշխատանք չէ: Այս գործընթացն արդեն մեկնարկված է և կշարունակվի առաջիկա վեց ամիսների ընթացքում»,- նշեց ընկերության համասեփականատեր Աշոտ Հարությունյանը:

Նախատեսվող փոփոխությունների առանցքային ուղղություններից մեկը լինելու է նոր ֆորմատի ռեստորանի ներդրումը` ԿԱՐԱՍ Auto (drive thru), որը կմեկնարկի այս տարվա օգոստոսին: Նախատեսվում է նաև սեպտեմբերին ներդրնել Լոյալության Ծրագիր:

Հարկ է նշել, որ ԿԱՐԱՍ-ի բիզնես-մոդելը մեծ հետաքրքրություն է առաջացրել արտերկրում, մասնավորապես, Վրաստանում և Ռուսաստանում, ինչով և պայմանավորված ընկերությունը նախատեսում է 2014 թվականի երկրորդ կեսին աշխատել ֆրանչայզինգի պայմանագրով:

Հատկանշական է, որ ռեբրենդինգի շրջանակներում ընկերությունը պահպանել է ապրանքային նշանի անվանումը, որը բավականին ճանաչված է հայկական շուկայում, սակայն փոխել է լոգոտիպը` դարձնելով այն ավելի ժամանակակից, դինամիկ, հաճախորդների ընկալմանն ավելի մոտ:

«ԿԱՐԱՍ» ընկերության նոր բրենդի տեսլականը. «Լինել մասսայական ազգային սննդի բրենդ»:

Առաքելությունը. «Նպատակ ունենալով սպասարկել հասարակության առավել լայն հատվածին ժամանակակից կյանքի ռիթմին համահունչ` մենք առաջարկում ենք ավանդական ազգային խոհանոցի ընտրանին` խնայելով մեր հաճախորդների ժամանակն ու տրամադրելով գնի և որակի լավագույն համադրությունը»:

Արժեքները. «հասանելի», «պատասխանատու», «լավագույն առաջարկ», «ժամանակակից», «ազգային», «արագ»:

Կարգախոսը. «Ես ընտրում եմ քեզ»:

Այսուհետ ԿԱՐԱՍ-ը կանվանվի ոչ թե «Թոնրատների Ցանց», այլ «Ազգային Սննդի Ցանց»:

Նշենք, որ ԿԱՐԱՍ ցանցը հիմնադրվել է 2005 թվականին Հայաստանում: Առաջին բիստրոն բացվել է Աբովյան քաղաքում: Հետագայում բացվել է ևս 4 բիստրո Երևան քաղաքի տարբեր համայնքներում և 2 ռեստորան քաղաքի կենտրոնում: 2008 թվականից ընկերությունը մեկնարկել է սեփական առաքման Ծառայությունը, որն այսօր խոշորագույններից մեկն է ողջ Հայաստանում: Յուրաքանչյուր ամիս ԿԱՐԱՍ-ը սպասարկում է ավելի քան 55 հազար հաճախորդի:

Share