Բաժին. Բիզնես

ԵՎՐՈՊԱՅՈՒՄ PUMA-Ն ԱՅԼԵՎՍ ՉԻ ՎԱՅԵԼՈՒՄ ՄԵԾ ՊԱՀԱՆՋԱՐԿ

Սպորտային հագուստ և այլ պարագաներ արտադրող գերմանական Puma ընկերությունն ամփոփել է ընթացիկ տարվա առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Հրապարակված տվյալների համաձայն՝ հաշվետու եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ընկերության հասույթը կրճատվել է 4,8%-ով և կազմել 782 մլն եվրո:

Ինչպես պարզաբանել են ընկերության ներկայացուցիչները՝ հաշվետու ամիսներին հասույթի անկումը պայմանավորված է Իտալիայում և Ֆրանսիայում ընկերության արտադրանքի նկատմամբ պահանջարկի կտրուկ կրճատմամբ:

Նշենք, որ Puma-ն վերանայել է 2013 թվականի համար իր կանխատեսումները, որոնք նախորդ կանխատեսումների համար առավել վատատեսական են: Ընթացիկ տարվա համար ընկերությունն ակնկալում է հասույթի և շահույթի համեմատաբար «համեստ» ցուցանիշներ:

Share