Բաժին. Բիզնես

ORANGE. ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՈԼՈՐՏԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ԵՎՍ ԿՎԵՐԱՆԱՅՎԵՆ

«Օրանժ Արմենիա» ընկերությունում վստահ են, որ 2014 թվականի հունվարին «Համարների տեղափոխելիության» համակարգի ներդրումը և դրանով պայմանավորված՝ սակագների վերանայումը հնարավորություն կտան ընկերությանն ավելի դինամիկ դարձնել իր հետագա գործունեությունը:Այս մասին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ կայացած հանդիպման ժամանակ նշել է Ֆրանս Տելեկոմ խմբի անդամ «Օրանժ Արմենիա» ընկերության  գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը: 

Հանդիպման ընթացքում ներկայացվել է «Օրանժ Արմենիա» ընկերության ներկա գործունեությունը, հետագա նախագծերը, հեռահաղորդակցության ոլորտի զարգացման միտումները:

Գագիկ Բեգլարյանը հույս է հայտնել, որ Հայաստանի բջջային երրորդ օպերատորի ապագա ծրագրերն իրականություն կդառնան, և «Օրանժ»-ի դիրքն օրեցօր կամրապնդվի. «Մենք անում ենք հնարավորը, որ Հայաստանում գործող օպերատորների միջև լինի առողջ մրցակցություն, որը կնպաստի սպասարկման որակի բարձրացմանը: Մենք պատրաստ ենք համագործակցել և սիրով աջակցել ընկերությանը ցանկացած հարցում»,-նշել է նախարարը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են  նաև կապի ոլորտին առնչվող երկկողմ հետաքրքրություն ներկայացնող համատեղ ծրագրեր ու առաջարկներ:

Share