Բաժին. Բիզնես

«ՌԵՍՈ»-Ն ՄՐՑԱՆԱԿՆԵՐ Է ՀԱՆՁՆԵԼ «ԸՆԹԵՐՑՄԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ 2013»-Ի ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ

Գրողների Միության շենքում կայացել է «Ընթերցման օլիմպիադա 2013»-ի եզրափակիչ փուլը, որտեղ լավագույն ընթերցող է ճանաչվել վեցերորդ դասարանցի Մարինե Նավասարդյանը:

Ըստ որոշված չափանիշների` դպրոցականները գեղարվեստական գրքերից կարդացել են փոքրիկ հատվածներ, իսկ ժյուրին գնահատել է նրանց ընթերցանությունը:

Ընթերցման օլիմպիադայի բոլոր փուլերի հաղթողների համար «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը սահմանել էր մրցանակներ: Դպրոցական փուլի հաղթողները ստացել են դժբախտ պատահարներից ապահովագրություն` 250.000 դրամ ապահովագրական գումարով: Երկրորդ` մարզային փուլի շրջանակներում թվով 33 հաղթող ստացել է «ՌԵՍՈՏՈՒՆ» բնակարանի ապահովագրություն` 500.000 դրամ ապահովագրական գումարով: Լավագույն ընթերցողի և նրա ընտանիքի ևս երեք անդամի առողջությունը ՌԵՍՈ-ն ապահովագրել է «ՌԵՍՈՄԵԴ» ծրագրով` 10.000.000 դրամ ծածկույթով:

Մրցանակների հանձնման արարողության ընթացքում ընկերության գործադիր տնօրեն Սամվել Գրիգորյանը ողջույնի իր խոսքը հղել է օլիմպիադայի մասնակիցներին և շնորհավորել հաղթողներին` կարևորելով և բարձր գնահատելով այն փաստը, որ երեխան իր կրթությամբ կարողանում է նպաստել իր և իր ընտանիքի ապահովությանը:

Արարողությանը ներկա են եղել նաև ՀՀ Կրթության և Գիտության նախարարը, ՀՀ մշակույթի փոխնախարարը, Գրողների Միության նախագահը, ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ աջակից ընկերությունների ղեկավարներ:

Share