Բաժին. Բիզնես

DELL-Ի ԲԻԶՆԵՍ-ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Համակարգիչների արտադրության ոլորտում հայտնի ամերիկյան Dell ընկերությունն ամփոփել է ընթացիկ ֆինանսական տարվա առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ընկերության շահույթը կրճատվել է շուրջ 79%-ով և կազմել 130 մլն ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, եռամսյակային հասույթի ցուցանիշը կրճատվել է շուրջ 2%-ով և կազմել 14,1 մլրդ ԱՄՆ դոլար:

Ինչպես նշում են վերլուծաբանները՝ Dell-ի եկամուտների կրճատման հիմնական պատճառներից մեկն ընկերության որոշումն է՝ իջեցնել համակարգիչների գները: Նման որոշում ընկերությունն ընդունել էր՝ հիմք վերցնելով սմարթֆոնների և պլանշետների շուկայի շարունական աճն ու «ավանդական» համակարգիչների շուկայի պասիվությունը:

Նշենք նաև, որ հաշվետու եռամսյակում Dell ընկերության ծրագրային ապահովման ստորաբաժանումը գրանցել է հասույթի 12% աճ, ինչը, ըստ վերլուծաբանների, ևս մեկ անգամ փաստում է, որ իր երկարաժամկետ ռազմավարական ծրագրերում Dell-ն առավել մեծ ուշադրություն է դարձնելու իր բիզնեսի հենց այս ուղղությանը:

Նշենք, որ այժմ Dell ընկերության խոշոր բաժնետերերը գտնվում են սուր պայքարի մեջ. ընկերության զարգացման ուղղությունների ընտրության հարցում բաժնետերերի  դիրքորոշումները խիստ տարբեր են:

Share