Բաժին. Բիզնես

ԱՐՏԱՇԱՏՈՒՄ ԵՎ ԻՋԵՎԱՆՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆ ՀԱՆՁՆՎԵԼ ԵԼԱԿԻ ԱՃԵՑՄԱՆ ՋԵՐՄԱՏՆԵՐ

Հայկական բերքի առաջմղման կենտրոնի նախաձեռնած` Հայաստանում ջերմատների զարգացման ծրագրի շրջանակում Արտաշատում և Իջևանում շահագործման է հանձնվել ելակի բազմաբերք սորտերի աճեցման երկու ջերմատուն: 1500  քմ ընդհանուր տարածքով այս ջերմատներում մշակվում են ելակի մշակության եվրոպական առաջատար երկրներից ներմուծված ելակի բազմաբերք 6  սորտ: Այս սորտերն ունեն ապրանքային լավ տեսք ու համային բարձր հատկանիշներ և ի տարբերություն Հայաստանում մշակվող ավանդական միաբերք սորտերի` ապահովում են շարունակական բարձր բերքատվություն տարվա բոլոր եղանակներին:

Ջերմատներում մշակությունն իրականացվում է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ` հիդրոպոնիկ եղանակով,  կոկոսի մանրաթելից պատրաստված էկոլոգիապես մաքուր սուբստրատում:

Ծրագրի մշակման և իրականացման գործընթացը կազմակերպվել է տեղական և կենտրոնի կողմից հրավիրված միջազգային փորձագետների մասնակցությամբ ու խորհրդատվությամբ:  Ըստ նրանց` Հայաստանում առկա են բարենպաստ պայմաններ բարձրարժեք հատապտուղների,  այդ թվում` ելակի ջերմատնային արտադրության զարգացման և ընդլայնման համար:

Հայկական բերքի առաջմղման կենտրոնում վստահ են, որ ելակի նոր սորտերի արտադրությունը ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ առաջին քայլն է ոչ սեզոնային ժամանակահատվածում (ուշ աշուն, ձմեռ, վաղ գարուն)  Հայաստանում ելակի արտադրության կազմակերպման ուղղությամբ:  Այն նաև լավ հնարավորություն է փոքր և միջին գյուղացիական տնտեսությունների ու անհատ գյուղացիների համար` իրենց ջերմատնային բիզնեսը սկսելու և ընդլայնելու ուղղությամբ:

Այս գործընթացի կարևոր խթան է նաև Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի կողմից առաջարկվող Սկսնակների ֆինանսավորման ծրագիրը, որը տրամադրում է վարկավորման երաշխավորագրեր սկսնակ ձեռնարկատերերին`հնարավորություն ընձեռելով նրանց նպաստավոր պայմաններով ներգրավել վարկային միջոցներ ջերմատների հիմնման համար:

Share