Բաժին. Բիզնես

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՏՃԱՌՈՎ VODAFONE-Ի ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 16 ԱՆԳԱՄ

Բրիտանական Vodafone Group Plc. ընկերությունը, որը կապի խոշորագույն օպերատորներից մեկն է աշխարհում, ամփոփել է 2012-2013 ֆինանսական տարվա իր գործունեության արդյունքները: Ըստ հրապարակված հաշվետվության՝ հաշվետու տարում, որն ավարտվել է ընթացիկ տարվա մարտի 31-ին, ընկերության զուտ շահույթը տարեկան կտրվածքով կրճատվել է 16,2 անգամ և կազմել 429 մլն ֆունտ (մոտ 654,4 մլն ԱՄՆ դոլար):  Արդյունքում, մեկ բաժնետոմսին բաժին ընկնող զուտ շահույթը կազմել է մոտ 1 ցենտ:

Հաշվետու տարում ընկերության հասույթը կրճատվել է 4,2%-ով և կազմել 44,44 մլրդ ֆունտ (67,79 մլրդ ԱՄՆ դոլար):

Փորձագետները պարզաբանում են, որ ընկերության ֆինանսական արդյունքների կրճատումը պայմանավորված է Հարավային Եվրոպայում վաճառքի ծավալների անկմամբ, Իսպանիայում և Իտալիայում ընկերության ակտիվների արժեզրկմամբ, ինչպես նաև վերակազմավորման ծախսերով:

Vodafone ընկերությունը հիմնադրվել է 1983 թվականին, Մեծ Բրիտանիայում: Ներկայումս ընկերության ծառայությունները դուստր ընկերությունների միջոցով հասանելի են աշխարհի 27 երկրում:

Share