Բաժին. Բիզնես

ԹԻՄ ԿՈՒԿ. APPLE-Ն ՕՖՇՈՐՆԵՐՈՒՄ ՓՈՂԵՐ ՉԻ ՊԱՀՈՒՄ

Apple-ն իր փողերը չի պահում օֆշորներում և այլ երկրներում գործող իր դուստր ընկերությունների միջոցով չի «օգտվում» ԱՄՆ հարկային օրենսդրության բացթողումներից և խուսափում ԱՄՆ բյուջե հարկերի վճարումից: Նման հայտարարությամբ հանդես է եկել ընկերության ղեկավար Թիմ Կուկը՝  ԱՄՆ Սենատում հրավիրված լսումների ժամանակ: Apple-ի ղեկավարն ընդգծել է, որ ընկերությունն ԱՄՆ բյուջե է վճարում բոլոր պարտադիր հարկերը, իսկ իր դուստր ընկերություններում պահվում են արտերկրում աշխատած գումարները, որոնք հետագայում ուղղվում են ԱՄՆ-ից դուրս ընկերության գործունեության զարգացմանը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատը հրապարակել էր զեկույց, ըստ որի՝ Իռլանդիայում գրանցված իր դուստր ընկերությունների շնորհիվ ամերիկյան Apple ընկերությանը հաջողվել է տնտեսել միլիարդավոր դոլարներ:  Զեկույցում նշվում էր, որ 2011 թվականին ընկերությունը չի վճարել մոտ 3,5 մլրդ ԱՄՆ դոլարի հարկ, իսկ 2012 թվականին՝ 9 մլրդ ԱՄՆ դոլար:

Սենատի ներկայացուցիչները նշել էին նաև, որ Apple-ին հաջողվել է հարկերի վճարումից խուսափել օրինական ճանապարհով: Օգտվելով ամերիկյան և իռլանդական հարկային օրենսդրությունների տարբերություններից՝ Apple-ը կրճատել է ԱՄՆ-ում հարկվող շահույթի մեծությունը:

Իրականացված ուսումնասիրության արդյունքում կոնգրեսականները եզրակացության էին եկել, որ ամերիկյան հարկային օրենսդրության թերացումները թույլ են տալիս շրջանցել պետության կողմից սահմանված պահանջները:

Share