Բաժին. Բիզնես

SONY-Ն ԿԱՐՈՂ Է ՎԱՃԱՌԵԼ ԻՐ ԲԻԶՆԵՍԻ ՄԻ ՄԱՍԸ

Ճապոնական Sony ընկերության տնօրենների խորհուրդը քննարկում է իր խոշոր ներդրումային գործընկերներից մեկի` Third Point հեջ-ֆոնդի առաջարկը, որը ենթադրում է ընկերության ժամանցային Sony Entertainment ստորաբաժանման առանձնացում` որպես առանձին բիզնես-միավոր, և դրա 20%-ի վաճառք: Այս մասին գրում է Bloomberg-ը:

Նշվում է, որ Third Point-ի ներկայացուցիչները Sony ընկերության ղեկավարությանը վստահեցրել են, որ ժամանցային բիզնեսի մասնակի վաճառքը հնարավորություն կտա ներգրավել կանխիկ միջոցներ` ընկերության բջջային բիզնեսի զարգացումն ապահովելու համար: Նշենք, որ Sony Entertainment-ի ապահոված եկամուտները շատ հաճախ ծածկել են հեռուստացույցի արտադրությամբ զբաղվող ստորաբաժանման վնասները:

Third Point-ը Sony ընկերությունում ներդրել է 1,1 մլրդ ԱՄՆ դոլար և այժմ տնօրինում է ընկերության բաժնետոմսերի 6,5%-ը:

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Sony ընկերությունը հավանական է համարում Sony Entertainment-ի IPO-ն (արժեթղթերի առաջնային տեղաբաշխում):

Share