Բաժին. Բիզնես

ԲԱՖԵԹԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԵՐԹԱԿԱՆ ԽՈՇՈՐ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Ամերիկացի հայտնի ներդրող և միլիարդատեր Ուորեն Բաֆեթը պատրաստվում է իր հերթական խոշոր գործարքին: Բաֆեթին պատկանող Berkshire Hathaway ներդրումային խմբի մեջ մտնող MidAmerican ընկերությունը մտադիր է 5,6 մլրդ ԱՄՆ դոլարով գնել NV Energy ընկերությունը: Գործարքի արդյունքում NV Energy ընկերության բաժնետերերը յուրաքանչյուր մեկ բաժնետոմսի համար կստանա 23,75 ԱՄՆ դոլար: Արդեն հայտնի է, որ գործարքը պաշտոնապես հաստատվել է MidАmerican և NV Energy ընկերությունների կողմից:

2012 թվականին NV Energy ընկերության զուտ շահույթը կազմել է 3,3 մլրդ ԱՄՆ դոլար:

Նշենք, որ տարեսկզբին հայտնի էր դարձել, որ Բաֆեթն իր գործընկերների հետ  23 մլրդ ԱՄՆ դոլարով գնել է Heinz ընկերությունը:

Հիշեցնենք, որ 2012 թվականին Ուորեն Բաֆեթին պատկանող Berkshire Hathaway ներդրումային խմբի կողմից կատարված ներդրումների համախառն ծավալը կազմել էր շուրջ 24,1 մլրդ ԱՄՆ դոլար: Չնայած այն փաստին, որ այս ցուցանիշը միլիարդատերը համարել էր «ծայրահեղ թույլ», վերլուծաբանները վստահ են` 2012 թվականին Ուորեն Բաֆեթին հաջողվել է կնքել մի շարք հաջող ներդրումային գործարքներ: Այսպես, նախորդ տարվա ընթացքում Ուորեն Բաֆեթը շարունակաբար մեծացրել է ամերիկյան խոշորագույն բանկերից մեկի` Wells Fargo-ի կապիտալում իր մասնակցությունը: Արդյունքում, Berkshire Hathaway հիմնադրամը մեկ տարվա ընթացքում գնել է 56,2 մլն արժեթուղթ`  իր մասնաբաժինը 7,6%-ից հասցնելով 8,7%-ի:

2012 թվականին Բաֆեթը գնել է նաև ճգնաժամը հաղթահարած և չինական շուկայոմ արագ տեմպերով զարգացող General Motors ընկերության 25 մլն արժեթուղթ: Այս նույն տարում Բաֆեթը գնել է նաև IBM ընկերության արժեթղթեր: Տարվա ընթացքում կնքված գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 4,2 մլն հատ արժեթուղթ: Արդյունքում, Berkshire հիմնադրամն արդեն տնօրինում է IBM ընկերության 68,1 մլն արժեթուղթ (6%):

Share