Բաժին. Բիզնես

«ՌԻՉ ՔՈՄՓՅՈՒԹԵՐՍ» ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀԸ ՄՈԼՈՐԵՑՐԵԼ Է ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ

Այսօր կայացել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստ, որի շրջանակներում քննարկվել է «Էյջ-Թի Էլեքտրոնիքս» ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու վերաբերյալ հարցը:

Համաձայն մամուլի հրապարակումների, վերոնշյալ ընկերությանը պատկանող «Ռիչ Քոմփյութերս» համակարգչային խանութ-սրահը անիրական գովազդի միջոցով ակնհայտորեն խաբում և մոլորեցնում է սպառողներին:

Հարուցված վարչական վարույթի շրջանակում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Էյջ-թի էլեքթրոնիքսը» հեռուստատեսությամբ ներկայացնում է գովազդ, ըստ որի միայն անձնագրով և սոցիալական քարտով հնարավոր է ապառիկ կերպով ձեռք բերել համակարգիչ:

Հանձնաժողովի դիտարկման ընթացքում հաստատվել է, որ երբ քաղաքացիները այցելում են խանութ, նրանց տեղեկացնում են, որ անհրաժեշտ է նաև աշխատանքի վայրից տեղեկանք, պարտադիր վարկային պատմություն և այլն, ինչի մասին սակայն գովազդում չի նշվում: Նման բովանդակությամբ գովազդ ներկայացնելը, այն դեպքում, երբ միայն անձնագիրը և սոցիալական քարտը ոչ բոլոր դեպքերում են բավարար համակարգիչ գնելու համար, մոլորեցնում է  հասարակությանը՝ տնտեսվարողի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների վերաբերյալ, ինչը անբարեխիղճ մրցակցության դրսևորում է:

Հանձնաժողովի որոշմամբ, օրենքի խախտման համար «Էյջ-Թի Էլեքտրոնիքս» ընկերության հանդեպ կիրառվեց տուգանք՝ նախորդ տարվա հասույթի 1 տոկոսի չափով:

Share