Բաժին. Բիզնես

«ԿՈՆՏՈՒՐ ԳԼՈԲԱԼ»-Ը ՀԱՍՏԱՏԵԼ Է, ՈՐ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԳՆԵԼ «ՈՐՈՏԱՆ» ՀԻԴՐՈԿԱՍԿԱԴԻ ԲՈԼՈՐ ԱԿՏԻՎՆԵՐԸ

«Կոնտուր Գլոբալ» ընկերությունը հաստատում է, որ բանակցում է ՀՀ կառավարության հետ՝ «Որոտան» հիդրոկասկադի բոլոր ակտիվների գնման հարցի շուրջ:

Ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ չնայած գործարքի պայմանները դեռևս հստակեցման փուլում են՝ գնման արժեքը զգալի կլինի, և կպահանջվի արտաքին՝ ոչ հայաստանյան աղբյուրներից ֆինանսավորում: Գնումը կիրականացվի «Կոնտուր Գլոբալ» ընկերության սեփական միջոցներից և միջազգային առաջատար ֆինանսական կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են Անդրծովյան մասնավոր նեդրումային կորպորացիան (OPIC), Համաշխարհային բանկի մասը կազմող Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC):

«Ի հավելումն ամբողջական գնի՝ «Կոնտուր Գլոբալ» ընկերությունը նախատեսում է զգալի ներդրումներ կատարել էլեկտրակայաններում հիմնական գեներատորների նորոգման նպատակով: Ներդրումների պահանջը հրատապ է՝ հաշվի առնելով էլեկտրակայանների տարիքը, ինչպես նաև ներդրումների սղությունը վերջին մի քանի տարիների ընթացքում: Ներդրումների նպատակը  կայանների հուսալիության բարձրացումն է` ելնելով Հայաստանի էլեկտրական ցանցերի համար հաճախականության ապահովման գործում դրանց առանցքային դերից», – ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ վերոնշյալ գործարքն ամբողջությամբ համապատասխանում է ՀՀ բոլոր օրենքների պահանջներին և իրականացվում է միջազգային լավագույն փորձին համապատասխան:

«Կոնտուր Գլոբալ» ընկերությունը վստահեցնում է, որ գործում է գործարար էթիկայի միջազգային կանոնների համաձայն՝ հանդես գալով որպես օրինակելի ընկերություն բոլոր այն երկրներում, որտեղ այն գործում է:

«Կոնտուր Գլոբալ» ընկերությունը Նյու-Յորքում գործող` էլեկտրաէներգիա արտադրող միջազգային ընկերություն է, որն արտադրում է մոտ 3000 ՄՎՏ էներգիա 4 աշխարհամասերում գտնվող 17 երկրներում: Ընկերության 1650 աշխատակիցները կառավարում են ընկերությանը պատկանող 33 էլեկտրակայաններից բաղկացած պորտֆելը: Նշված էլեկտրակայաններում օգտագործվում է տարբեր տեսակի վառելիք, կիրառվում են տարբեր տեխնոլոգիաներ՝ ներառյալ ջրի, քամու, արևի և կենսազանգվածի միջոցով վերականգնվող էներգիայի արտադրությունը:

Share