Բաժին. Բիզնես

MORGAN STANLEY ԲԱՆԿԸ ՄՏԱԴԻՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՆՈՐ ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐ

Ամերիկյան Morgan Stanley ներդրումային բանկը մտադիր է 10%-ով կրճատել ապրանքային շուկաներում մասնագիտացված իր ստորաբաժանման աշխատակիցների թիվը: Սպասվում է, որ կկրճտավի մոտ 30 աշխատատեղ: 

Բանկի ղեկավարության տարածած հայտարարության համաձայն՝ նման որոշումն ընդունվել է եռամսյակային ֆինանսական արդյունքների ամփոփումից հետո: Նշվում է, որ ստորաբաժանումը վերջին երկու եռամսյակն ամփոփել է «վատագույն» արդյունքներով:

Նշենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում ամերիկյան մի շարք բանկեր կրճատել են հումքային ապրանքների շուկաներում մասնագիտացված ստորաբաժանումների աշխատակիցների թիվը:

2012 թվականի արդյունքներով հումքային ապրանքների վաճառքից ներգրաված շահույթի մեծությամբ առաջին հորիզոնականն է զբաղեցրել JP Morgan-ը: Հաշվետու տարում նշված ոլորտից բանկը ներգրավել է 2,4 մլրդ ԱՄՆ դոլարի շահույթ, որը 2011 թվականի արդյունքների համեմատ նվազել է 16%-ով: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Morgan Stanley բանկը: 2012 թվականին հումքային ապրանքների առևտրից բանկի շահույթը կրճատվել է 20%-ով և կազմել շուրջ 1 մլրդ ԱՄՆ դոլար: Ցուցանիշի առավել մեծ անկում գրանցել է Goldman Sachs բանկը: Նախորդ տարվա արդյունքներով ցուցանիշը տարեկան կտրվածքով գրանցել է 60% անկում և կազմել 575 մլն ԱՄՆ դոլար:

Share