Բաժին. Բիզնես

ORANGE ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲԵՐԴԱՎԱՆ ԳՅՈՒՂՈՒՄ ՆԵՐԴՐՎՈՒՄ Է ՆՈՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Orange Հիմնադրամի և «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության միացյալ ջանքերով Տավուշի մարզի Բերդավան գյուղում մեկնարկում է նոր գյուղատնտեսական նախագիծ: Նախագիծն օգտագործում է սպառողական կոոպերատիվի մոդելը և թույլ է տալու գյուղի ավելի քան 40 ընտանիքներին միավորել իրենց աշխատանքը՝ ստանալու ավելի լավ արդյունքներ:

Գյուղում ստեղծված “Բերդավան” պտղաբուծական կոոպերատիվին աջակցելու նպատակով Orange Հիմնադրամը նվիրաբերել է գյուղատնտեսական տեխնիկա, մասնավորապես, տրակտոր, հնձիչ կոմբայն, միջատասպան նյութերի սրսկիչներ: Բնակիչների համար կազմակերպվել են մասնագիտական վերապատրաստման դասընթացներ, ինչպես նաև կապեր են ստեղծվել վերամշակող ընկերությունների հետ, ներդրված նոր մոդելի՝ սպառողական կոոպերատիվի գործունեությունը և բերքի իրացումը հեշտացնելու նպատակով: Կբարելավվի նաև ջրամատակարարման համակարգը: Ըստ հաշվարկների՝ Բերդավանի բնակիչները, ովքեր ավանդաբար մասնագիտացած են դեղձի մշակման մեջ, այս նվիրատվության և գյուղատնտեսական նոր մոդելի կիրառման շնորհիվ արդեն հաջորդ տարի բերքատվությունը կբարձրացնեն 2 և ավելի անգամ:

«Հայաստանի գյուղերի խնդիրները, հատկապես այն գյուղերինը, որոնք երկրի սահմաններին են, Orange Հիմնադրամի ուշադրության կենտրոնում են: Մինչ օրս մենք մասնակցել ենք գյուղերում մանկապարտեզների, մարզասրահների, համակարգչային սրահների վերազինմանն ու կահավորմանը, սակայն առաջին անգամն է, երբ ներգրավվում ենք նման գյուղատնտեսական նախաձեռնության իրականացման մեջ: Իսկապես ցանկանում ենք շուտով տեսնել այն արդյունքներն ու փոփոխությունները, որ մեր ներդրումը պիտի բերի այս գյուղին: Երջանիկ ենք այսօր նշել գյուղի համար այս նոր մեկնարկը», – ասել է Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:

«Այս ծրագիրը մեր մեծ նախաձեռնության սկիզբն է՝ ուղղված հեռավոր և անապահով համայնքներում բարձրարժեք գյուղատնտեսության խթանմանը, ինչը, վստահ ենք, կբերի մարդկանց եկամուտների ավելացմանը և արտագաղթի կրճատմանը»,- նշել է «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության վարչության նախագահ Հայկ Մինասյանը:

Նախագծի իրականացման համար Orange Հիմնադրամը տրամադրել է  12,921,000 դրամ:

Share