Բաժին. Բիզնես

ԱՎԱՐՏՎԵԼ Է ՀԱՅ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ «ԹՈՓ ՔԼԱՍ» ԾՐԱԳԻՐԸ

Այսօր՝ հուլիսի 11-ին, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը («Ի-Դի-Էմ-Սի») և Ձեռներեցության զարգացման և ղեկավարների վերապատրաստման կենտրոնը (CEED) նշել են Հայաստանում երկրորդ «Թոփ Քլաս» (Top Class) ծրագրի ավարտը: 

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից՝  2012թ. նոյեմբերից մինչև 2013թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում ծրագրին մասնակցել է ավելի քան 20 հայ ձեռներեց և բիզնես ղեկավար, հիմնականում բարձր տեխնոլոգիաների, դեղագործության, պտուղ-բանջարեղենի վերամշակման, զբոսաշրջության, շինարարության և բանկային ոլորտներից:

«Թոփ Քլաս» ծրագրի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել ստանալու վերապատրաստում և խորհրդատվություն առաջատար բիզնես ղեկավարներից ու հաջողակ ձեռներեցներից, մասնակցելու Հայաստանում և արտերկրում (Հորդանան, Իսրայել, Խորվաթիա) «բիզնեսը՝ բիզնեսին» ձևաչափով հանդիպումների և գործնական կապերի հաստատման միջոցառումների, ինչպես նաև հանդիպելու ներդրողների հետ:  

Վերապատրաստում և խորհրդատվություն տրամադրել են «Roda Group»-ի հիմնադիր և նախագահ Ռոջեր Սթրաուքը, «Rasmussen International»-ի հիմնադիր Ռիկ Ռասմուսենը, «FruitsMax» ընկերության հիմնադիր և ֆինանսական տնօրեն, ինչպես նաև «Davan Group»-ի հիմնադիր Դեյվիդ Բեքեթը, Հայաստանում Նորվեգիայի և Ֆինլանդիայի պատվո հյուպատոս և «Հայրենիքի զարգացման նախաձեռնության հիմնադրամի» հիմնադիր Թիմոթի Սթրեյթը և այլոք, որոնք անդրադարձել են մի շարք թեմաների՝ առաջնորդությունից ու ռազմավարական պլանավորումից մինչև պրոդուկտների մշակում և մտավոր սեփականության իրավունքների պաշտպանություն: 

Ծրագրի ավարտական արարողության ընթացքում ծրագրի մասնակիցները ստացել են ավարտական վկայագրեր և կապեր հաստատել ներկա բիզնես ղեկավարների, ինչպես նաև «Թոփ Քլաս» առաջին ծրագրի շրջանավարտների հետ:

Նշենք, որ «Թոփ Քլաս» ծրագիրն առաջարկվում է CEED-ի համաշխարհային ցանցի 14 երկրներում (Եվրոպայում, Հարավարևելյան Ասիայում և Աֆրիկայում), և Հայաստանը Հարավային Կովկասում միակ երկիրն է, որը ներկայում մասնակցում է այս ծրագրին:

Սա վերապատրաստման ֆորմալ ծրագիր չէ, այլ եզակի հնարավորություն է տեղացի երիտասարդ ձեռներեցների համար՝ ստանալու անհատական խորհուրդներ փորձառու և հաջողության հասած իրենց գործընկերներից, նրանց հետ քննարկելու գործնական հարցեր և հանգելու այնպիսի լուծումների, որոնք կարող են նպաստել իրենց ընկերությունների զարգացմանը:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ‹‹Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության›› (‹‹Ի-Դի-Էմ-Սի››) ծրագիրն ուղղված է Հայաստանում բիզնես միջավայրի բարելավմանն ու փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) զարգացմանն աջակցելուն: Հնգամյա այս ծրագրի նպատակն է Հայաստանում բարձրացնել զբաղվածության և եկամուտների մակարդակը` խթանելով աճը արտահանման մեծ ներուժ ունեցող ընտրված արժեքի շղթաներում, որոնք են բարձր տեխնոլոգիաները, դեղագործությունը/բիոտեխնոլոգիաները, պտուղ-բանջարեղենի վերամշակումն ու զբոսաշրջությունը:

Ձեռներեցության զարգացման և ղեկավարների վերապատրաստման կենտրոնը (CEED) ձեռներեցներին և բիզնես ղեկավարներին տրամադրում է անհրաժեշտ գիտելիքներ և գործարար կապեր, ինչը նպաստում է բիզնեսի աճին: Կենտրոնի ծրագրերն ուղղված են լայն հասարակության շրջանում ձեռներեցության մշակույթի խթանմանը: ԱՄՆ ՄԶԳ «Ի-Դի-Էմ-Սի» ծրագիրը CEED-ին Հայաստան է բերել որպես ձեռներեցների վերապատրաստման և խորհդատվության գծով հիմնական գործընկեր:

Share