Բաժին. Բիզնես

«ՀԱՅՓՈՍՏ»-Ի ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

«Հայփոստ»-ի եւ Պետական եկամուտների կոմիտեի միջև ստորագրվել է համագործակցության պայմանագիր, ըստ որի` «ՀայՓոստ»-ի վերանորոգված և արդիականացված բաժանմունքներում կստեղծվեն հարկ վճարողների սպասարկման կետեր, որտեղ կաշխատեն ՊԵԿ ներկայացուցիչներ:

Պայմանագիրը ստորագրել են ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, «Հայփոստ» ՓԲԸ գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը:

«Հայփոստ»-ում ՊԵԿ ներկայացուցիչների հիմնական գործառույթներն են լինելու էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման, հարկերի, տուրքերի և այլ վճարումների հետ կապված հարցերին օժանդակումը, ինչպես նաև հարկային և մաքսային վարչարարության, օրենսդրության հետ կապված հարցերի պարզաբանումը: Սպասարկման կետերում տեղադրված տերմինալների միջոցով ՊԵԿ ներկայացուցիչների աջակցությամբ հարկ վճարողները կարող են նաև հարկային հաշվարկներ ու հաշվետվություններ ներկայացնել:

Նախատեսվում է նաև տեխնիկական հնարավորությունների դեպքում առանձին փոստային բաժանմունքներում իրականացնել արտահանման և ներմուծման հետ կապված մաքսային ձևակերպումներ և մաքսազերծում: Այս նախաձեռնության առանձնահատկություններից մեկն այն է, որ հարկ վճարողները հնարավորություն կունենան նույն վայրում միաժամանակ օգտվել ինչպես ՊԵԿ, այնպես էլ «ՀայՓոստ»-ի ծառայություններից:

Նշենք, որ մինչեւ 2013թ. ավարտը «Հայփոստ»-ի նորոգված բաժանմունքների թիվը ողջ հանրապետությունում կանցնի 200-ից:

Share