Բաժին. Բիզնես

ԱՅՍ ՏԱՐԻ «ԱՐՄԵՆԱԼ»-Ը ԹՈՂԱՐԿՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼԸ ԿՀԱՍՑՆԻ 27 ՀԱԶԱՐ ՏՈՆՆԱՅԻ

Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը, որը մտնում է աշխարհում ալյումինի խոշորագույն արտադրող ՌՈՒՍԱԼ ՄԸ կազմի մեջ, նախատեսում է այս տարի թողարկվող արտադրանքի ծավալը հասցնել 27 հազար տոննայի:

ԱՐՄԵՆԱԼ-ի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ ընկերության համար որպես ռազմավարական նպատակը սահմանվել է 33 600 տոննան, որին ԱՐՄԵՆԱԼ-ը մտադիր է հասնել 2015 թվականին:

Ընկերությունում գտնում են, որ էներգասակագների վերջին բարձրացումը ստեղծում է լրացուցիչ դժվարություններ և մեծացնում է արտադրանքի ինքնարժեքը, բայց գործարանը նախատեսում է բարձրացնել առավել էներգատար սարքավորումների արտադրողականությունը:  

Նշվում է նաև, որ ԱՐՄԵՆԱԼ-ում կայուն աճում է աշխատավարձը. 2013թ. առաջին կիսամյակում այն հասել է ամսական մոտ 320 հազար դրամի, որն ավելի քան երկու անգամ բարձր է միջին հանրապետականից:

ՌՈՒՍԱԼ-ի սոցիալական ծրագրի շրջանակում գործարանի յուրաքանչյուր աշխատող ամեն ամիս որպես ինդեքսավորում ստանում է գրեթե 14 հազար դրամ: 2012թ. ինդեքսավորման վճարները կազմել են 40 մլն դրամից ավելի, իսկ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում` 28,5 մլն դրամ:

Ամեն տարի տաք սննդի վճարման համար գործարանը հատկացնում է լրավճար 118 մլն դրամի չափով: Գործատուի հաշվին իրականացվում է ողջ աշխատակազմի ամեամյա բուժզննում: Բացի այդ, տնօրինությունը վճարում է Հայաստանի բուժ-հանգստյան հաստատությունների ուղեգրերի գնի 50%-ը: Անցած տարի հանգստի կազմակերպման համար ծախսվել է 1,9 մլն դրամ, իսկ 2013թ. այդ նպատակի համար նախատեսված է գրեթե 4,2 մլն դրամ:

Share