Բաժին. Բիզնես

ORANGE ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԿԱՐՄԻՐ ԱՂԵԿ ԳՅՈՒՂՈՒՄ ՆԵՐԴՐՎՈՒՄ Է ՆՈՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Orange Հիմնադրամի և G2IA-ի միացյալ ջանքերով Լոռու մարզի Կարմիր Աղեկ գյուղում մեկնարկում է նոր գյուղատնտեսական նախագիծ: Նախագիծն օգտագործում է սպառողական կոոպերատիվի մոդելը և թույլ է տալու գյուղի ավելի քան 38 ընտանիքի միավորել իրենց աշխատանքը՝ ստանալու ավելի լավ արդյունքներ:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «Օրանժ Արմենիա» ընկերությունից՝ գյուղում ստեղծված կոոպերատիվին աջակցելու նպատակով ստեղծվել է պահածոյացման արտադրամաս և խոտաբույսերի չորանոց, որոնք թույլ են տալու կոոպերատիվի անդամներին կազմակերպել աշխատանքը: Բնակիչների համար կազմակերպվել են մասնագիտական վերապատրաստման դասընթացներ, ինչպես նաև կապեր են ստեղծվել վերամշակող ընկերությունների հետ, ներդրված նոր մոդելի՝ սպառողական կոոպերատիվի գործունեությունը և բերքի իրացումը հեշտացնելու նպատակով:

Այս օրերին Լոռու մարզի Օձուն գյուղում կազմակերպված գյուղմթերքի ցուցահանդես-տոնավաճառի ժամանակ Կարմիր Աղեկի բնակիչներն արդեն իսկ ներկայացան իրենց արտադրանքով՝ ցուցադրելով տարբեր մրգերից պատրաստված մուրաբաների, չորացված խոտաբույսերի, կոմպոտների ու օղու մեծ տեսականին:

«Հայաստանի գյուղերի խնդիրներն Orange Հիմնադրամի ուշադրության կենտրոնում են: Կարմիր Աղեկն արդեն երկրորդ գյուղն է, որտեղ Orange Հիմնադրամի աջակցությամբ տնտեսական նախագիծ է իրականացվում: Այն հավակնում է դառնալ կայուն և մշտական զարգացման հիմք գյուղի բնակիչների համար: Իսկապես ցանկանում ենք շուտով տեսնել այն արդյունքներն ու փոփոխությունները, որ մեր ներդրումը պիտի բերի այս գյուղին», – ասել է Orange Հիմնադրամի գլխավոր քարտուղար Նազարեթ Սեֆերյանը:

Նախագծի իրականացման համար Orange Հիմնադրամը տրամադրել է  4,160,000 դրամ:

Share