Բաժին. Բիզնես

GENERAL MOTORS-Ը ԿՐԿԻՆ ԱՌԱՋԻՆՆ Է

2013 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով, վերջին մի քանի եռամսյակների ընթացքում առաջ անգամ, ամերիկյան խոշորագույն ավտոարտադրող General Motors Co. (GM) ընկերությունը վաճառքի ծավալներով առաջ է անցել իր հիմնական մրցակից ճապոնական Toyota Motor Corp. ընկերությունից և ճանաչվել ավտոմեքենաների համաշխարհային շուկայի առաջատարը:

Bloomberg-ը հաղորդում է, որ ընթացիկ տարվա ապրիլ-հունիս ամիսներին Toyota-ն համաշխարհային շուկայում վաճառել է 2,48 մլն ավտոմեքենա, իսկ GM-ը՝ 2,49 մլն ավտոմեքենա:

Ավտոմեքենաների վաճառքի ծավալներով երրորդ տեղում գերմանական Volkswagen AG ընկերությունն է, որին հաջողվել է հաշվետու երեք ամսում վաճառել 2,39 մլն ավտոմեքենա:

Վերլուծաբանները նշում են, որ ավտոմեքենաների համաշխարհային շուկայում ներկայում նկատվում է մրցակցության խորացում: GM-ի գործունեությանը նպաստում է ամերիկյան տնտեսության ընդհանուր իրավիճակի լավացումը, իսկ Toyota-ն ամրապնդում է իր դիրքերը Չինաստանի շուկայում:

Share