Բաժին. Բիզնես

Բջջային հեռախոսների արտադրության իր բիզնեսը Nokia-ն կվաճառի Microsoft-ին

Ամերիկյան Microsoft-ը մտադիր է գնել ֆիննական Nokia ընկերության՝ բջջային հեռախոսների արտադրությամբ զբաղվող բիզնես-միավորը: Գործարքի ընդհանուր արժեքը գնահատվում է 7,17 մլրդ ԱՄՆ դոլար: Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ գործարքը, որը նախատեսվում է ամփոփել 2014 թվականի առաջին եռամսյակում, ենթադրում է արտոնագրերի օգտագործման և բջջային սարքավորումների արտադրության իրավունքի փոխանցում:

Նշվում է, որ Nokia-ն, բջջային հեռախոսների արտադրությամբ զբաղվող բիզնես-միավորի վաճառքից հետո, մտադիր է իր ուժերը կենտրոնացնել բիզնեսի մյուս ուղղություններում: Ընկերությունը նախատեսում է, մասնավորապես, առավել մասնագիտանալ նավիգացիոն համակարգերի մշակման ոլորտում:

Ֆիննական Nokia ընկերությունը, որը ժամանակին համարվում էր բջջային հեռախոսների համաշխարհային շուկայի առաջատարը, վերջին տարիներին, չդիմանալով սուր մրցակցությանը, հայտնվել էր ճգնաժամային իրավիճակում:

2013 թվականի երկրորդ եռամսյակում Nokia ընկերության արտադրած բջջային հեռախոսների վաճառքի ծավալները գրանցել էին ռեկորդային անկում:

Share