Բաժին. Բիզնես

Արմավիրի մարզում կստեղծվի «Չրի հավաքման կենտրոն»

Միավորված ազգերի զարգացման Ծրագիրը (ՄԱԶԾ) և ՀՀ Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ) «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը» ծրագրի շրջանակներում չիր արտադրողների համար հայտարարում են մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել Արմավիրի մարզում գրանցված, չրերի արտադրությամբ զբաղվող բոլոր իրավաբանական անձինք, որոնք ունեն. 

– չրի արտադրության ոչ պակաս քան 5 տարվա փորձ,

– մրցույթի հայտի ներկայացման պահին փաստացի արտադրված ոչ պակաս քան 5 տոննա չրի առկայություն (կստուգվի անմիջապես տնտեսություն այցելելու միջոցով), 

– 2013թ. չրի արտահանման համար կնքված պայմանագիր` ոչ պակաս քան 5 տոննայի համար, որում ներառված կլինեն արտահանող կողմի կոորդինատները (հասցե, հեռախոս),

– բարեխիղճ վարկային  պատմություն և պարտքային պարտավորությունների պարտաճանաչ կատարում,

– կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն վերցնելու պատրաստակամություն:

Գնահատումը կկատարվի ՄԱԶԾ-ն և ՓՄՁ ԶԱԿ հանձնաժողովի կողմից 2 փուլով: Առաջին փուլում կգնահատվեն ներկայացրած փաստաթղթերը, իսկ երկրորդում` անմիջական այցելություններով կարճ ցուցակում ընդգրկված կազմակերպությունները: Գնահատումը կկատարվի բալային սանդղակի միջոցով:

Համապատասխան փաստաթղթերով հիմնավորված չրի արտահանման նախորդ տարիների ցուցանիշները, ինչպես նաև միավորվելու և համատեղ աշխատելու ցանկությունը մասնակցին կտան լրացուցիչ միավորներ:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2013 թ. սեպտեմբերի 10-ը ՀՀ Արմավիրի մարզի ՓՄՁ ԶԱԿ գրասենյակ (հասցե` ք. Արմավիր, Երևանյան 18/1, հեռ./ֆաքս 0237 2-08-46, էլ. փոստ armavir@smednc.am ) ներկայացնել.

– Դիմում մրցույթին մասնակցելու համար:

– Իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը:

– 2013թ. չրի արտահանման պայմանագրի պատճենը:

Նախորդ տարիներին չրի արտահանման վերաբերյալ տեղեկություններ` փաստաթղթային հիմնավորումներով (առկայության դեպքում):

Նշենք, որ Միավորված ազգերի զարգացման Ծրագիրը  (ՄԱԶԾ) և ՀՀ Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ) համատեղ իրականացնում են «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը» ծրագիրը:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ՀՀ Արմավիրի մարզում ստեղծել «Չրի հավաքման կենտրոն», որը կնպատակաուղղվի հանրապետությունից չրի արտահանման խթանմանը:

Կենտրոնը մարզի չրագործներին կմատուցի հետևյալ ծառայությունները՝ չրերի արտադրությունը միջազգային ստանդարտներին համապատասխան կազմակերպելու մասով տեխնոլոգիական ուսուցում, չրերի ժամանակակից փաթեթավորում, սառնարանային պահպանություն, արտահանման կազմակերպում:

Ծրագրի շրջանակներում ՄԱԶԾ-ն և ՓՄՁ ԶԱԿ-ը Կենտրոնին կտրամադրեն տեխնիկական աջակցություն (ուսուցում և համապատասխան սարքավորումներ), որի ծախսերի 60-70%-ը կհատկացվի դրամաշնորհի տեսքով, իսկ մնացած մասը կներդրվի մրցույթի արդյունքում ընտրված չիր արտադրողների կողմից: 

Share