Բաժին. Բիզնես

«ԴիջիԹեք Էքսպո 2013»-ին զուգահեռ կընթանա նաև ԱրմԹեք համաժողովը

Այս տարի առաջին անգամ «ԴիջիԹեք Էքսպո 2013» ցուցահանդեսին զուգահեռ կկայանա նաև 6-րդ միջազգային տեխնոլոգիական ԱրմԹեք համաժողովը: Այն կտևի 1 օր` հոկտեմբերի 4-ին, և կանցկացվի «Սովորել անցյալից, բացահայտել ապագան» խորագրի ներքո:  Համաժողովը կունենա ավելի քան 200 մասնակից Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եվրոպայից, Միջին Արևելքից, Հյուսիսային Աֆրիկայից և այլ տարածաշրջաններից:  

Միջոցառման ընթացքում կներկայացվեն Հայաստանի բաձր տեխնոլոգիական ոլորտի զարգացումներն ու հաջողության պատմությունները, կքննարկվեն նորարարության և մասնագիտական զարգացման խնդիրները, մարտահրավերներն ու հնարավորությունները, հաջողության գործոնները:

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունից հայտնում են, որ ԱրմԹեք Համաժողովը տալիս է աննախադեպ հնարավորություն հայտնաբերել գործարար և ներդրումային նոր հնարավորություններ, ստեղծել նոր կապեր ոլորտի համաշխարհային ներկայացուցիչների, կառավարական օղակների, ֆինանսական և ծառայությունների ոլորտների, ինչպես նաև առաջատար գիտակրթական հաստատությունների կարևորագույն ներկայացուցիչների հետ: Նպատակն է լուսաբանել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի աճը և այն դարձնել գլոբալ ճանաչելի:

Առաջին ԱրմԹեք Համաժողովն անցկացվել է 2007թ. ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան-Ֆրանցիսկո քաղաքում, որին հաջորդել են համաժողովներ Երևանում՝ 2008թ.-ին և 2011թ.-ին և Սիլիկոնյան հովտում ՝ 2009թ.-ին և 2012թ.-ին:

Տեղեկացնենք նաև, որ «Տոն տեխնոլոգիական հայության համար» խորագիրը կրող «DigiTec Expo 2013» միջազգային ցուցահանդեսը  տեղի կունենա հոկտեմբերի 4-ից 6-ը, «Երևան Էքսպո» կենտրոնում:

Share