Բաժին. Բիզնես

«ԱրմենՏել»-ում տեղի է ունեցել Ներքին Աուդիտորների Ինստիտուտի համաժողովը և խորհրդի նիստը

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, «ԱրմենՏել»  ընկերությունում (ապրանքանիշը Beeline) տեղի է ունեցել Հայաստանի  Ներքին Աուդիտորների Ինստիտուտի (ՆԱԻ-Հայաստան) անդամների համաժողովը և խորհրդի նիստը: Հանդիպման ընթացքում «ԱրմենՏել» ՓԲԸ ներքին աուդիտի աշխատակիցները ներկայացրել են ընկերության փորձը, որը վերաբերում է ներքին աուդիտի հանձնառության պլանավորմանը, իրականացմանը և հաշվետվությունների ներկայացմանը:

Այս բնագավառում «ԱրմենՏել»  ընկերության աշխատանքի որակի և փորձի համապատասխանելիությունը միջազգային չափանիշներին հաստատվել է դեռևս 2012թ.-ին աուդիտորական «մեծ քառյակի» ներկայացուցիչ Deloitte&Touche միջազգային ընկերությունների միավորման կողմից:

«ԱրմենՏել»  ընկերությունը, հանսիսանալով «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մաս, իրականացնում է իր բոլոր գործընթացները միջազգային կորպորատիվ կառավարման պահանջներին համապատասխան: Ընկերության ողջ գործունեությունն ենթարկվում է մանրամասն ստուգման ռիսկերի կառավարման,  ներքին հսկողության համակարգի և ֆինանսական հաշվետվության միջազգային պահանջներին համապատասխան: «ԱրմենՏել»-ում աուդիտորական ստուգումներ են իրականացնում այնպիսի հայտնի միջազգային կորպորացիաներ, ինչպիսին է օրինակ Ernst & Young ընկերությունը: Այս կապակցությամբ մենք մեծ կարևորություն ենք տալիս այս հանդիպմանը, և հույս ունենք, որ մեր ընկերությունում առկա փորձը կնպաստի Հայաստանում թափանցիկ և գրավիչ ներդրումային բիզնես միջավայրի ձևավորմանը»,- նշել է «ԱրմենՏել»  ընկերության Ֆինանսական տնօրեն Կարեն Կարապետյանը:

«ԱրմենՏել ընկերությունը նպատակ ունի Հայաստանի Ներքին Աուդիտորների Ինստիտուտի շրջանակում տարածել և զարգացնել մասնագիտական լավագույն փորձը մեր երկրում: Հավատացած եմ, որ այս բնագավառում կունենանք բազմաթիվ հաջողություններ, քանի որ մեր ընկերությունն ունի համապատասխան միջազգային սերտիֆիկացիա ունեցող մասնագետներ, իսկ մեր աշխատանքի որակը բարձր գնահատականի է արժանացել աշխարհահռչակ կազմակերպությունների կողմից: Այս ամենը մեզ թույլ կտա տարածել լավագույն փորձը Հայաստանի Հանրապետությունում` դրանով իսկ նպաստելով պետության բիզնես միջավայրի զարգացմանը և միջազգային փորձի նեդրման բարելավմանը», – նշել է «ԱրմենՏել»  ընկերության Ներքին աուդիտի և ռիսկերի կառավարման ծառայության ղեկավար Հայկ Քարամյանը:

Նշենք, որ «ԱրմենՏել»  ընկերությունը հանդիսացել է Հայաստանում Ներքին աուդիտորների ինստիտուտի հիմնադրման նախաձեռնողը և ակտիվ մասնակիցը: 2009թ.-ին «ԱրմենՏել»  ընկերության կողմից է ուղարկվել առաջին նամակն ուղղված այս կառույցի ստեղծմանը:

ՆԱԻ-Հայաստանը ներկայացնում է միջազգային «Institute of Internal Auditors» կազմակերպությունը, որը միավորում է ավելի քան 165 երկրների 175 հազ. անդամների ու ներկայացված է ավելի քան 105 երկրներում, այդ թվում՝ նաև Հայաստանում: Ինստիտուտի նպատակն է աջակցել ՀՀ-ում ներքին աուդիտի գործունեության զարգացմանը և ներքին աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխան ներքին աուդիտի ծառայությունների մատուցմանը:

Share