Բաժին. Բիզնես

Ամփոփվել են DigiCamp ամառային տեխնոլոգիական ձեռներեցության ճամբարի արդյունքները

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ամփոփվել են DigiCamp ամառային տեխնոլոգիական ձեռներեցության ճամբարի արդյունքները:

DigiCamp ճամբարի նպատակն էր համախմբել ինովացիաներով հետաքրքրվող երիտասարդներին, ստեղծել մոտիվացնող և կրթական միջավայր, ուղղորդել նրանց դեպի սեփական ծրագրերի իրականացումը և սեփական բիզնեսի ստեղծումը:

DigiCamp ճամբարի ընթացքում 26 մասնակիցներից յուրաքանչյուրը հանդես է եկել ինովացիոն լուծում պարունակող բիզնես գաղափարով: Մասնակիցների նախընտրությամբ ընտրվել է 5 լավագույն գաղափար: 10 օր շարունակ թիմերը, մասնագետների խորհուրդներով, զարգացրել են այդ գաղափարները, որի արդյունքում ներկայացվել են իրականացման համար պատրաստ բիզնես նախագծեր:

Ճամբարի ավարտին տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների տնօրեններից բաղկացած հանձնաժողովը ընտրել է լավագույն նախագիծը`«I need»-ը, որն իրականացնող թիմն արժանացել է 200.000 ՀՀ դրամ մրցանակի: Հատուկ մրցանակի է արժանացել «Քաշովի լավաշ» նախագիծը, ինչի գաղափարը մասնակիցների մոտ առաջացել էր հենց ճամբարի ընթացքում: «Քաշովի լավաշ»-ը արժանացել է 300.000 ՀՀ դրամ մրցանակի:  

Բոլոր մրցանկակիրները ստացել են հնարավորություն առանձին տաղավարով ներկայանալու ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսին (հոկտեմբերի 4-6), իսկ ճամբարի շրջանակում ներկայացրած մյուս նախագծերը ԴիջիԹեքին հանդես կգան միասնական տաղավարով:

Նշենք, որ DigiCamp ճամբարը կայացել է օգոստոսի 1-10-ը, Ծաղկաձորում: Ճամբարին մասնակցել են 16-30 տարեկան 26 անձ: DigiCamp-ի ընթացքում մասնակիցները ծանոթացել են ոլորտի առաջնորդների հետ, լսել նրանց հաջողության պատմություններն ու բացահայտել առաջատար ընկերությունների հաջողության գաղտնիքները, մասնակցել ոլորտին քաջատեղյակ մասնագետների դասընթացներին և ձեռք բերել կիրառական գիտելիքներ:

DigiCamp ամառային տեխնոլոգիական ձեռներեցության ճամբարի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, գլխավոր գործընկերն է «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline), աջակիցը` Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:

Share