Բաժին. Բիզնես

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գրանցել է բեռնափոխադրումների անկում

Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն փոխադրել է 2050,0 հազ. տոննա բեռ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է շուրջ 9,5%-ով:

Ընկերության հրապարակած տվյալների համաձայն՝ հաշվետու ամիսներին արտահանման հաղորդակցությունում ընկերության բեռնափոխադրումների ծավալը  կազմել է 311,0 հազար տոննա` 1,9%-ով գերազանցելով անցյալ տարվա ցուցանիշը: Ներմուծման հաղորդակցությունում փոխադրվել է 714,7 հազար տոննա բեռ՝ 19,2%-ով պակաս, քան 2012 թվականի հունվար-օգոստոսին: Տեղական հաղորդակցությունում բեռնափոխադրումների ծավալը կազմել է 1024,3 հազար տոննա՝ նվազելով 4,8%-ով:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Share