Բաժին. Բիզնես

«Գորիս Գամմա» ընկերությունը իրականացնում է ժամանակակից հաստոցների արտադրության ծրագիր

«Գորիս Գամմա» ընկերությունը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային ընկերության հետ համատեղ, իրականացնում է միջազգային պահանջներին համապատասխան ժամանակակից հաստոցների արտադրության նոր ծրագիր:

Ինչպես Նախագահ Սերժ Սարգսյանի՝ ընկերություն կատարած այցի շրջանակներում տեղեկացրել են «Գորիս Գամմա»-ի ներկայացուցիչները՝ արդեն ավարտվել են բանակցությունները գերմանական մատակարար կազմակերպության հետ, այժմ բանակցություններ են ընթանում հնարավոր պատվիրատու կազմակերպությունների հետ` պահանջարկի և տեսականու ճշտման նպատակով:

Նշվել է, որ ծրագրի հաջող իրականացման դեպքում Հայաստանում կարտադրվեն թվածրագրային ղեկավարման գերճշգրիտ խառատային և ֆրեզերային հաստոցներ, որոնք համապատասխանում են եվրոպական ստանդարտներին:

Ծրագրի 1-ին փուլի ներդրումները կազմել են 1.0 մլն ԱՄՆ դոլար: Համապատասխան պահանջարկի դեպքում, արտադրական ծավալների ընդլայնմանը զուգահեռ աշխատատեղերի քանակը հնարավոր է հասցնել մինչև 130-ի:

Նշենք, որ «Գորիսի Գամմա» ձեռնարկությունը հիմնադրվել է դեռևս 1979թ. և մասնագիտացված էր նախկին ԽՍՀՄ պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերական համալիրի համար հատուկ տեխնիկայի արտադրության բնագավառում։

1996թ. ձեռնարկությունը վերակազմավորվել է որպես փակ բաժնետիրական ընկերություն, որի 20% պետական բաժնեմասը անհատույց սեփականաշնորհվել է աշխատավորական կոլեկտիվին, իսկ 80%-ը՝ 2001թ. մասնավորեցվել է: Ներկայում ընկերությունում գործում են մեխանիկական, հատուկ տեխնիկայի հավաքման, էլեկտրաշարժիչների հավաքման, օպտիկական արտադրամասերը և փորձարկումների լաբորատորիան։

Ընկերության արտադրանքի իրացման հիմնական շուկան Ռուսաստանի Դաշնությունն է: Պատասխանատուների հավաստմամբ, պատվերներ կան նաև Կանադայից:

2013թ. հունվար-օգոստոս ամիսներին ընկերությունը թողարկել է 238.0 մլն դրամի արտադրանք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արձանագրելով 23%-ի աճ:

Նշվել է, որ բացի սերիական արտադրանքից, ընկերությունը կատարում է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պատվերները` վերջինիս համար պատրաստելով գործիքներ և սարքավորումներ:

Share