Բաժին. Բիզնես

Երիտասարդ գործարարների համար մեկնարկում է «Հաջող սկիզբ» ծրագիրը

Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամը (ՓՄՁ ԶԱԿ) և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (UNIDO) «Արդյունավետ աշխատանք Հայաստանում երիտասարդների համար. երիտասարդ ձեռներեցներին աջակցություն» ծրագրի շրջանակներում հրավիրում են բոլոր 18-35 տարեկան երիտասարդներին, ովքեր ցանկանում են հիմնել իրենց սեփական բիզնեսը կամ վերջին երեք տարիներին արդեն զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ, մասնակցել «Հաջող սկիզբ» ծրագրին:

Ծրագիրը ներառում է ուսուցողական, տեղեկատվական, մասնագիտական խորհրդատվության և ֆինանսական աջակցության տրամադրման բաղադրիչներ:

Մասնակցելով ծրագրին՝ սկսնակ գործարարները ստանում են բիզնեսի պլանավորման, շուկայավարման, կառավարման, արտադրության և ֆինանսների պլանավորման գիտելիքներ և համապատասխան գործարար հմտություններ:

Ծրագրի տևողությունը մեկ ամիս է, որի ընթացքում փորձառու մասնագետների ուղղորդմամբ սկսնակ գործարարները նախ մշակում են իրենց անհատական գործարար ծրագիրը, որից հետո ձեռնամուխ են լինում դրա իրականացմանը:

Ծրագրի շրջանակներում մասնակիցները հնարավորություն կունենան օգտվելու ՓՄՁ ԶԱԿ-ի սկսնակների ֆինանսական աջակցության գործիքներից:

ՓՄՁ ԶԱԿ-ի հայտարարության համաձայն՝ լավագույն գնահատականի արժանացած կենսունակ գործարար ծրագրերը, սկսնակի ցանկությամբ, կարող են ներկայացվել վարկավորման հետևյալ պայմաններով` առավելագույնը՝ 5 մլն դրամ, տարեկան տոկոսադրույքը` 10%, մինչև 5 տարի մարման ժամկետով, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից տրամադրվող երաշխավորություն (100%)՝  առանց գրավի:

Share